Իր հրավիրած նիստին անգամ ՔՊ-ն ամբողջ կազմով չի մասնակցել

Իր հրավիրած նիստին անգամ ՔՊ-ն ամբողջ կազմով չի մասնակցել

Գյումրու ավագանու այսօրվա արտահերթ նիստը չի կայացել․ պատճառն այն է եղել, որ ավագանու անգամները չեն ներկայացել նիստին ու քվորում չեն ապահովել։

Ընդդիմադիր երեք՝ «Զարթոնք», «Ապրելու երկիր» և «Հայաստանի հանրապետական» կուսակցությունները չեն ներկայացել նիստին։ Ավելին, անգամ ՔՊ-ն ամբողջ կազմով չի ներկայացել․ ավագանու 11 անդամներից նիստին մասնակցել են 9-ը։

«Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ սա ՔՊ-ի քաղաքական խաղն է, ու ինչպես որոշված էր՝ նիստին ու իշխանության այս խաղին չենք մասնակցել։ Նիստին չմասնակցելու նախնական որոշում ունեին նաև «Ապրելու երկիր» և «Զարթոնք» կուսակցությունները»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը։ 

Նա նշեց, որ ՔՊ-ն ավագանու նիստի գումարվելուն սպասել է 30 րոպե, ապա ավագանու անդամները դուրս են եկել նիստերի դահլիճից։

«Հիմա 14 օրվա ընթացքում պիտի ևս մեկ արտահերթ նիստ գումարվի, որպեսզի կա՛մ համայնքի ղեկավար ընտրվի, կա՛մ  նիստ չկայանա, ու ավագանին օրենքի ուժով լուծարվի»,- նշեց Միրզոյանը։

Տեղեկացնենք, որ ՔՊ-ն արդեն հստակ որոշում ունի՝ արտահերթ ընտրությունների գնալու, ուստի հաջորդ նիստը ևս կտապալվի, և գարնանն արդեն ընտրություններ կլինեն։ Հավելենք, որ ՔՊ-ն քաղաքապետի իր թեկնածուն ունի և ընտրություններին մասնակցելու է Կարեն Սարուխանյանի դեմքով։ Վերջինս ԱԺ պատգամավոր է։

Նարե Գնունի