Փաշինյանն արհամարհեց ծնողներին. Կառավարության հարակից փողոցները փակ են

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ։ 

Տեւական ժամանակ անց, երբ Կառավարության ներկայացուցիչներից որեւէ մեկը չմոտեցավ ծնողներին, իսկ Փաշինյանը նիստից հետո հեռացավ, վերջիններս որոշեցին փակել Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան։

Հիշեցնենք, որ հրդեհից զոհված զինծառայողների ծնողները նույն պահանջով օրեր առաջ էլ փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Բանն այն է, որ ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։ Ըստ ծնողների՝ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ 

Հիշեցնենք, որ կապիտան Եղիշե Հակոբյանի կալանավորումից 7 օր առաջ զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնեց, որ ստացվել են Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, ըստ որի՝ զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազից եւ այրվածքային շոկից։ Նորիկյանը նաեւ հայտնել էր, որ փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։

Մանրամասն՝ տեսանյութում։