Եթե որևիցէ մեկը կարծում է՝ Արցախի ինստիտուտների պահպանությամբ բան է փոխվելու, ծիծաղելի է․ Միքայել սրբազան 

Եթե որևիցէ մեկը կարծում է՝ Արցախի ինստիտուտների պահպանությամբ բան է փոխվելու, ծիծաղելի է․ Միքայել սրբազան 

Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից Mediahub-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում Արցախի պետական ինստիտուտները պահպանելու վերաբերյալ արցախցիների և անձամբ նախագահ Սամվել Շահրամանյանի ցանկությանը:

«Հերթական հայկական երազներն են։ Գիտե՞ք, այո, հնարավոր էր ինչ-որ տեղ պահպանել Արցախի վտարանդի կառավարությունը և վտարանդի իշխանությունը, եթե այս երկիրը տրամադիր էր դրան։ Օրինակ, երբ որ Հիտլերը գրավեց Ֆրանսիան, գոյություն ուներ ֆրանսիական վտարանդի կառավարություն, որը ապրում և աշխատում էր Մեծ Բրիտանիայում։ Ղարաբաղի վտարանդի կառավարությունը՝ որպես այդպիսին, եթե այս երկիրը չի ճանաչում, դա ուրեմն մնում է երազ»,-ասաց սրբազանը։

-Երազ արցախցիների՞ կողմից։
-Չէ, բոլորիս կողմից։ Եթե կարծում եք՝ դրանով ինչ-որ բան պիտի փոխվի․․․ Չի փոխվելու, որովհետև չկա այդ պահանջը՝ Արցախը վերադարձնելու։ Արցախը վերադարձնելու հանրային պահանջը չկա, և հանրային պահանջը չկար Արցախը չկորցնելու։

-Այսինքն՝ էական բան չի փոխվի դրանով, մենք ընդամենը թղթի վրա կունենանք Արցախի Հանրապետություն։
-Չէ, դատարկաբանություն է, անիմաստ զբաղմունք է։ Եթե որևիցէ մեկը կարծում է՝ Արցախի ինստիտուտների պահպանությամբ բան է փոխվելու, ծիծաղելի է։ Պետականության դե ֆակտո գոյության պայմաններում բան չփոխվեց, երբ պետականությունը կար, կառավարությունը կար, սահմանները կար, բանակը կար, էդ պայմաններում չկարողացանք փրկել, հիմա ի՞նչ պիտի փրկես, անո՞ւնը։

-Իսկ սերունդները ինչ-որ պահի կփորձե՞ն անդրադառնալ Արցախին։
-Սերունդները, գիտե՞ք, հիմա 30-40 տարի հետո նոր սերունդ կմեծանա․ գուցե, չնայած՝ եթե էս դասագրքերով մեծանա, վստահաբար կմոռանա, բայց շատ հնարավոր է, որ, ինչպես դասականն էր ասում, վարունգը թարս բուսնի, և 30-40 տարի հետո էդ սերունդը մեզ հայհոյի երկիրը կորցնելու համար և ինքը պահանջ ձևավորի երկիրը հետ բերելու։

Վահե Մակարյան