Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է դիրքի պատասխանատուն. ՔԿ

2023 թ. փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումով։
Ըստ նախնական տվյալների՝ Հ. Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։
Իրականացվող նախաքննության շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի (Ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) 3-րդ մասի 1-ին և 524 հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։
Զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են։
Հիշեցնենք՝ փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: