Ներողություն եմ խնդրում․․․, պարո՛ն Փամբուխչյան, վերջին տողերը չեք կարդացել․ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այսօր ավագանու նիստի ընթացքում ամբիոնից ներողություն խնդրեց երևանցիներից՝ երեկվա միջադեպի հետ կապված։ 

Հիշեցնենք, որ երեկ ավագանու նիստի ընթացքում ավագանու երեք կին անդամներ, որոնցից երկուսը հենց «Մայր Հայաստանից» էին, սկսեցին փոխադարձ հայհոյանքներ ու վիրավորական բառեր հնչեցնել, բանը հասավ անգամ «իրար մազ պոկելուն»։

«Ես ներողություն եմ խնդրում այս ամենի համար, որովհետև չեմ կարծում, որ դուք ձեր երազած ավագանին եք տեսնում այստեղ։ Ավագանին նախ իրեն պետք է սաստի, իսկ ավագանին պետք է ծառայի հանուն Երևանի»,- ասաց նա։

Մանուկյանը նկատեց՝ որևէ «ռեպլիկի» չի արձագանքելու, քանի որ այդ «ռեպլիկները» բնորոշում են անողի մակարդակը։ 

«Օրինակ, Արմեն Փամբուխչյանը քննադատել է միջադեպը։ Բայց պարոն Փամբուխչյան, ինչպես կասեր Սայաթ-Նովան, դուք մոռացել եք վերջին տողերը կարդալ։ Միջադեպը ավագանու երկու ընդդիմադիր անդամների միջև չի եղել։ Եթե դուք առաջին միջադեպի վիդեոն չեք տեսել, ապա երկրորդ միջադեպի ժամանակ ձեր վարչական ղեկավարն էլ էր մտած այդ ամենի մեջ»,- նշեց նա։

Բացի այդ, Մանուկյանը կոչ արեց շանտաժի լեզվով չխոսել։

Մանրամասները՝ տեսանյութում։