Երբ կբացվի Լաչինի միջանցքը և ինչ նկատի ունեն ռուս խաղաղապահները

Երբ կբացվի Լաչինի միջանցքը և ինչ նկատի ունեն ռուս խաղաղապահները

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ արցախցիներն այսօր երթով շարժվել էին դեպի ռուս խաղաղապահները, որոնք գտնվում են այն վայրում, որտեղ Ադրբեջանը փակել է ճանապարհը: Պահանջը մեկն էր՝ բացել կյանքի ճանապարհը: Ավելի ուշ տելեգրամյան ալիքները լուրեր տարածեցին, թե ռուս խաղաղապահները երթի մասնակիցներին ասել են, որ Լաչինի միջանցքի հարցը վերջնականապես կլուծվի դեկտեմբերի 26-ին, բայց թե ի՞նչ ասել է լուծում՝ չեն հստակեցրել:

MediaHub-ի արցախյան աղբյուրները զգուշավորություն են ցուցաբերում՝ վաղաժամ ուրախանալ կամ կանխատեսել, որ ճանապարհը բացվելու է պետք չէ: Թեև նշում են, որ իրականում այդ ամսաթիվը հենց այնպես չէ, որ նշվել է: Խնդիրը նրանում է, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանը պետք է մեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայանալու է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ամենամյա ոչ ֆորմալ հանդիպումը: Դրան մասնակցելու է նաև Իլհամ Ալիևը և Մոսկվան՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակի շուրթերով, արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է հարթակ տրամադրել Փաշինյան-Ալիև շփումների համար: Չի բացառվել նաև եռակողմ հանդիպում Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Մեզ փոխանցեցին, որ խաղաղապահները ևս, ինչպես և քաղաքագիտական շրջանակները, այժմ սպասում են այդ հանդիպմանը, եթե այն, իհարկե կայանա: Քանզի պետք չէ բացառել, որ Նիկոլ Փաշինյանն էլ չի մեկնի Մոսկվա, ինչպես Արարատ Միրզոյանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը երկու օր առաջ:

Ի դեպ, Մոսկվան՝ նույն Լավրովի շուրթերով, ափսոսանք էր հայտնել, որ հայկական կողմը հրաժարվեց այդ հանդիպման մասնակցությունից: Ասել է թե՝ եթե Նիկոլ Փաշինյանը մեկնի Մոսկվա և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ համաժողովի կուլուարներում հանդիպի Ալիևին, ապա այդ հանդիպումը պետք է գոնե արդյունք տա: Բայց արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է հայկական կողմի համար ցանկալի արդյունքը տրամադրել. սա է հարցը:

Ակնհայտ է, որ Հայաստանի ու նաև Արցախի իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ վաղուց արդեն շփվում են առանց միջնորդների, հետևապես Լաչինի միջանցքի խնդիրը պարտադիր չէ, որ քննարկման առարկա դառնա միայն աշխարհի որևէ մայրաքաղաքում՝ Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում:

Հետևապես, կարելի է ենթադրել, որ Փաշինյանն առանց Մոսկվա մեկնելն էլ քաջատեղյակ է և գիտի, թե ինչ որոշում ունի Ադրբեջանը Լաչինի միջանցքի պահով: Ինչպես նաև գիտի, թե ինչ որոշում ունեն ռուս խաղաղապահները, որոնց պատասխանատվության գոտին է հենց խնդրահարույց դարձած Լաչինի միջանցքը:

Մեզ նաև փոխանցեցին, որ խաղաղապահների կողմից նման հուսադրող պատասխան տալը նաև հոգեբանական ազդեցություն ունի՝ մարդիկ էմոցիաներով են շարժվում, բոլորը գերլարված են, հումանիտար աղետ ասվածն արդեն մի քանի օր է լոկ խոսքեր չեն, այնպես որ հուսադրել մարդկանց իսկապես պետք էր: Բայց թե ինչ կլինի հետո, արդյոք կյանքի ճանապարհը կբացվի՝ այս հարցը Լաչինի միջանցքում չէ, որ որոշվելու է: Իսկ մինչ այն կորոշվի և, ամենակարևորը, ինչի դիմաց կլինի այդ որոշումը, վաղը Ստեփանակերտում տեղի կունենա Համաժողովրդական հանրահավաք: