Ատամները սրած սպասում են Լևոն Քոչարյանին, Նոյեմբերի 9-ի գործերը կարճվել են. Մամուլը՝ սուրճով

Ատամները սրած սպասում են Լևոն Քոչարյանին, Նոյեմբերի 9-ի գործերը կարճվել են. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳՆ-ն թմրանյութերի պարունակությունը չափող 184 հատ սարք՝ նարկոտեստեր է գնել, միավորի գինը 1 մլն 442 հազար դրամ է, վճարել է 265 մլն 465 հազար դրամ։ Սարքերը Aquila scan ապրանքանիշի են, չափերով ու տեսքով նման են խանութներում առկա՝ քարտով վճարելու համար նախատեսված տերմինալներին։

Եվ պետք է 7 տեսակի թմրամիջոցի առկայությունը կարողանան պարզել՝ մարդու թքի, մեզի ու մազի միջոցով։ Այսուհետ, փաստորեն, ոստիկաններն իրենց հետ կարող են ունենալ այդ սարքերը եւ հենց փողոցում պարզել` անձն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ ոչ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո՝ գիշերը, Երեւանում զանգվածային անկարգությունների քրեական գործով անցնող 10-ից ավելի անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «2020 թվականի պատերազմի ավարտից հետո մի խումբ քաղաքացիներ, վրդովված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից, գիշերը Երեւանում զանգվածային անկարգություններ կատարեցին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այս դեպքերի մասով բազմաթիվ քրեական վարույթներ կային, որոնք մինչ օրս շարունակվում են:

Եվ, ահա, այս դեպքերից 3 տարի անց միայն նախաքննական մարմինը դադարեցրեց տարբեր քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումները, քանի որ 3 տարի անց նախաքննական մարմինը հիմնավոր ապացույցներ չգտավ մեղադրյալների մասով, որ գործը ուղարկի դատարան: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության եւ հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երեւանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը։

Այս գործով որոշ քաղաքացիներ ազատազրկման դատապարտվեցին, իսկ շատերի մասով ԱԱԾ-ում քննությունը շարունակվում է, եւ նախաքննական մարմինը նրանց մեծ մասի վերաբերյալ գործը կկարճի, քանի որ ապացույցները բավականին թույլ են. խմբով ծեծել են, բայց կոնկրետ ով՝ պարզել չի հաջողվում»:

«Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին իշխանությունն անթաքույց սկսել է «քարկոծել» պաշտպանության նախկին նախարար, պահեստի գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Ի մասնավորի, Կարապետյանի թերացումների հետ կապված բավականին կոշտ անդրադարձներ է կատարել քպական Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե Քառօրյա պատերազմի ժամանակ հետախուզությունը թերացել է, եղել են լուրջ բացթողումներ (նշենք, որ Կարապետյանը այդ ժամանակ եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը, իսկ Քառօրյայից հետո ազատվել էր զբաղեցրած պաշտոնից)։

Սա ուշագրավ է այն առումով, որ այն ժամանակ, երբ Կարապետյանն «իրենցն» էր, Նիկոլ Փաշինյանն ու մյուս քպականները ջանասիրաբար ոչ միայն պաշտպանում էին Կարապետյանին, այլև դիֆերամբներ ձոնում վերջինիս: Այդ թվում՝ նույն Անդրանիկ Քոչարյանը՝ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ: Հիմա «բան է փոխվել»:

Եվ փոխվել է այն բանից հետո, երբ պաշտոնանկությունից մոտ մեկուկես տարի անց Արշակ Կարապետյանը հանկարծ քաղաքական հայտ ներկայացրեց և սկսեց քննադատական գնահատականներ հնչեցնել իշխող թիմի հասցեին։ Ընդ որում, այդ մեկուկես տարին լռելուց հետո: Հնարավոր է՝ ինչ-որ սպասումով, ինչի մասին մամուլը ոչ մեկ անգամ գրել է: Այսինքն, ժամանակին արդեն մեկ անգամ պաշտոնազրկված անձը իշխանափոխությունից հետո զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի, իսկ աղետաբեր պատերազմից հետո՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ու նույնիսկ մի կարճ շրջան պաշտպանության նախարարի պաշտոնները, ու այդ ժամանակ ամեն ինչ հիանալի էր, Կարապետյանն էլ՝ «սրբություն սրբոց»։

Հիմա նա դարձել է վատը, մեղավոր, ընդ որում՝ ոչ միայն հետիշխանափոխության շրջանի պաշտոնավարման համար, այլև այն ժամանակների, ինչի համար պաշտոնանկ էր արվել: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ իշխանությունների քննադատության առանցքային պատճառը միայն Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելը չէ. առաջնային «թեզն» այն է, թե Կարապետյանը ՀՀ-ում իրականացնում է ռուսական հատուկ ծառայությունների պատվեր, այսինքն՝ նրան հարվածելու արշավը նույնպես հակառուսական հերթական դոզայի շրջանակներում է:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ ՔՊ խմբակցությունում ատամները սրած` սպասում են Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ով օրերս պատգամավորի մանդատ ստացավ ու ազատ արձակվեց կալանքից։ Սակայն նա դեռ պետք է ԱԺ կանոնակարգով նախատեսված երդումը տա խորհրդարանում, որ պատգամավոր դառնա, եւ դա տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ: Մեզ ասացին, որ վերեւից հրահանգել են՝ բոլորը ներկա գտնվեն այդ նիստին: Իսկ երեկ Անդրանիկ Քոչարյանը եթերում գրեթե ուղիղ տեքստով սպառնաց` թող գա տեսնի, թե «ինչպիսի տրամադրություններ կան իր ընտանիքի իրացրած քաղաքականության շուրջ» խորհրդարանում, եւ ինչպես են վերաբերվում իրենց ընտանիքին:

Պարզ է, որ ՔՊ-ականները «ելույթներ» են պատրաստել եւ հույս ունեն նորից թեժացնել իրենց սիրելի՝ «նախկիններ-ներկաներ» թեման եւ անգամ ձեռնամարտի նետվել, այս անգամ` Քոչարյանի որդու հետ: Իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցներում հրապարակվող նյութերը դրա նախերգանքն են: Ի դեպ, վերջին շրջանում իշխանության ներսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ աղոտ քննարկումներ են գնում, եւ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ վարչության վերջին նիստին եւս այդ հարցը շոշափվել է, ու նա չի բացառել, որ նման որոշում կարող են կայացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահական նստավայր եւ զբաղեցրել նախագահի աշխատասենյակը, քանի որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում:

Հիշեցնենք, որ վերանորոգումը սկսվել է դեռեւս մայիս ամսից: «Ժողովուրդ» օրաթերթին կառավարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 5-ին վերանորոգման աշխատանքները ավարտին հասցված կլինեն:

Սեպտեմբերից արդեն մեկ ամսից ավել ժամանակ է անցել, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ հարմար տեղավորված է նախագահականում ու, կարծես, միտք էլ չունի իր աշխատավայր վերադառնալ, քանի որ նախագահականում ավելի պաշտպանված ու ապահով է իրեն զգում:

Պատճառն էլ այն է, որ թե՛ ընդդիմադիրները, թե՛ տեղահանված արցախցիները, թե՛ այս իշխանություններից դժգոհ քաղաքացիները, սովորաբար, իրենց ակցիան իրականացնում են կառավարության դիմաց ու խաթարում են նրա անդորրը:

«Ժողովուրդ» օրաթերթին կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանն իր գործառույթները դեռ նախագահականից է իրացնում:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ երբ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում վերադառնալ իր հիմնական նստավայր, արդյոք վերանորոգումները դեռ չեն ավարտվել. «Դեռ նախագահականում է, բայց մոտ օրերս արդեն հիմնական կտեղափոխվի կառավարություն»-ասացին մեզ կառավարությունից:

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հարմարվել է Վահագն Խաչատուրյանի նստավայրում ու ձգձգում է իր տեղափոխումը, ինչը, բնականաբար, նախագահի սրտով չէ, քանի որ Փաշինյանի պատճառով ինքը «դրսում» է մնացել: