Պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն ու զարգացնելն է. Խաչատուրյան
Նախագահի պաշտոնը ստանձնում եմ աշխարհաքաղաքական բարդ մի շրջանում: Այդ մասին այսօր՝ մարտի 13-ին իր երդմնակալության արարողության ժամանակ ասաց ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նրա խոսքով՝ աշխարհում գործող անվտանգության համակարգերն այսօր փոխվում են:
«Այսօր առավել քան երբևէ մեզ հարկավոր է իմաստություն, վստահություն, կայունություն և միաբանություն»,- նշեց նա:
Ըստ Խաչատուրյանի՝ այսօրվա աշխարհը շատ արագ է փոփոխվում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար առավել կտրուկ է դառնում:
«Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու: Ի վերջո, պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն ու զարգացնելն է և այլ ազգերի հետ հարաբերություններ կառուցելը: Այս ամենը կիրագործվի, եթե իմաստավորենք մեր ներկան և նոր՝ արժանապատիվ ապագան, որտեղ ամուր պետությունը մեր հանրային կյանքի վստահելի գործընկերը պետք է լինի»,- ասաց նա: