Դատապարտյալները ՔԿՀ պաշտոնատար անձին կաշառք են առաջարկել՝ բջջային հեռախոսների դիմաց

Դատապարտյալները ՔԿՀ պաշտոնատար անձին կաշառք են առաջարկել՝ բջջային հեռախոսների դիմաց

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, 2022 թվականի ընթացքում նույն հիմնարկի դատապարտյալներից ստացել է կաշառք՝ վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, այդ թվում՝ փորձելով օժանդակել առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2022 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներ Պ. Թ.-ն ու Վ. Գ.-ն ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձին՝ Ա. Գ.-ին, առաջարկել են համապատասխանաբար 50.000 և 80.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց իրենց մատնանշած անձանցից վերցնել և իրենց փոխանցել քրեակատարողական հիմնարկում շրջանառությունն արգելված բջջային հեռախոսներ: Ա. Գ.-ն, ընդունելով դատապարտյալների կողմից կաշառք տալու առաջարկը, հանդիպել է վերջիններիս մատնանշած անձանց և նրանցից վերցրել հեռախոսներն ու գումարը:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն համաձայնվել է նաև կաշառքի դիմաց թմրամիջոց տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ու փոխանցել դատապարտյալին: Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 10-ին Ա. Գ.-ն դատապարտյալի մատնանշած անձանցից վերցրել է խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ու կաշառքի առարկա 50.000 ՀՀ դրամը, այնուհետև՝ վերը նշված բոլոր դեպքերով ձեռքբերված պայմանավորվածություններն իրագործելու նպատակով, բջջային հեռախոսներն ու թմրամիջոցի փաթեթը թաքցրել է իր համազգեստի գրպանում և 2022 թվականի հունվարի 15-ին ներկայացել հերթափոխի: Սակայն, մինչ «Արմավիր» ՔԿՀ մուտք գործելը, Ա. Գ.-ն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական զննության, որի ժամանակ հայտնաբերվել են բջջային հեռախոսներն ու թմրամիջոցը:

Ա. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /3 դրվագ/ և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ  դատապարտյալներ Վ. Գ.-ին և Պ. Թ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: