Գյումրիում ՔՊ-ի հետ գործարքի կգնա՞ն․ ի՞նչ է սպասվում

Գյումրիում ՔՊ-ի հետ գործարքի կգնա՞ն․ ի՞նչ է սպասվում

Այսօր 11:00-ին Գյումրու ավագանին արտահերթ նիստ կգումարի՝ համայնքապետի ընտրության հարցով։ Հիշեցնենք, որ համայնքում քաղաքական ճգնաժամ սկսվեց մի քանի շաբաթ առաջ, երբ իշխող «Բալասանյան» դաշինքն ու համայնքի ղեկավարը մանդատները վայր դրեցին։ Դրանից հետո երկու ճանապարհ կար․ կամ ավագանու արտահերթ նիստում համայնքապետ ընտրել, կա՛մ՝ գնալ արտահերթ ընտրությունների։

Ինչպես արդեն գրել էինք՝ ՀՀԿ-ն ու «Ապրելու երկիրը» հակված են արտահերթ ընտրություններին գնալուն, քանի որ չեն ցանկանում ՔՊ-ի թեկնածուի օգտին քվեարկել։ Եթե ՀՀԿ-ն որոշել է չմասնակցել նիստին, ապա «Ապրելու երկիրը» գնալու է, բայց չի քվեարկելու ՔՊ-ի թեկնածուի օգտին։

Նիստից առաջ MediaHub-ը զրուցեց նաև Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանի հետ, որը նշեց՝ իրենք գաղտնի են պահում իրենց որոշումը։ «40 րոպե սպասեք և կիմանաք՝ մենք ինչ որոշում ունենք»,- ասաց Մանուկյանը։

Հարցին, թե արդյո՞ք ՔՊ-ի թեկնածուի օգտին կքվեարկեն իրենք, քաղաքական ուժն ի՞նչ դիրքորոշում ունի, Մանուկյանը պատասխանեց՝ չգիտեմ, կերևա։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք իրենք գործարքի կգնան ՔՊ-ի հետ, «Զարթոնք» խմբակցության ղեկավարը պատասխանեց․ «Ես նման բան ասացի՞»։

Դիտարկմանը, որ հակառակն էլ չասաց, Գոռ Մանուկյանն արձագանքեց՝ առաջարկելով 40 րոպե սպասել։

Երբ նյութն արդեն գրեթե պատրաստ էր Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ այսօր համայնքապետի թեկնածու չեն առաջադրելու։

Փաստացի, Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների։ Եվ ինչպես իշխանությունն արդեն հայտարարել է՝ Գյումրիում իրենք ներկայանալու են Կարեն Սարուխանյանի դեմքով, որն այժմ իշխանական խմբակցության պատգամավոր է։

Նարե Գնունի