Ողբերգական հրդեհից 10 օր անց Փաշինյանը ներողություն խնդրեց զոհված զինծառայողների ծնողներից

Ողբերգական հրդեհից 10 օր անց Փաշինյանը ներողություն խնդրեց զոհված զինծառայողների ծնողներից

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 28-ին, շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով:

Փաշինյանը բաց չի թողել առիթը հերթական անգամ խոսել այսպես կոչված բարեփոխումներից, որոնք իրականացվում են բանակում՝ նշելով, թե այդ բարեփոխումների գործընթացն անցնցում չի ընթանում բանակում, որովհետև «անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ»:

Եվ ահա Փաշինյանը, ողբերգական հրդեհից շուրջ տաս օր անց, ներողություն խնդրեց զոհված զինծառայողների ծնողներից.

«Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից: Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների:

Միևնույն ժամանակ, ծնկի եմ գալիս մեր այն զինվորների, սպաների, կամավորների ծնողների ու հարազատների առաջ, ովքեր Հայրենիքը պաշտպանելիս ընկել են մարտում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ: Այս ընկալման ու գիտակցության վրա են կառուցվում պետությունները:

Եվ ի վերջո, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն զինծառայողներին, շարքայիններից մինչև սպա և գեներալ, ովքեր անձնվիրաբար ծառայություն են մատուցում Հայկական բանակին, Հայոց պետականությանը:

Եղբայրական ողջույններ եմ հղում Բանակի օրը երբեմն ձյան մի քանի մետրանոց շերտով շրջապատված մարտական դիրքերում անցկացնող մեր եղբայրներին և քույրերին:

Արևը ծագելու է, գարունը գալու է: Շնորհավոր Հայկական բանակի օրը»,- մասնավորապես ասված է Փաշինյանի ուղերձում:

Ու այս բառերն իր ուղերձում ներառել է մեկը, ով արգելում է Եռաբլուր զինվորական պանթեոն մուտք գործեն ՀՀ քաղաքացիները՝ զոհվածների ծնողներից մինչ լրատվամիջոցների ներկայացուցիչներ այն պահին, երբ ինքն այդտեղ է...