Արտակարգ դեպք՝ Երևանում. 2-ամյա երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Գրել է «Շամշյանը»։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժնի ավագ տեսուչի գլխավորությամբ։
Տեղում երեխայի ծնողները հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է տանը՝ խաղալու ժամանակ երկրորդ հարկի աստիճաններից սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով։
Ոստիկանները պարզել են, որ երեխան 2-ամյա Արեգ Մ.-ն է։ Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։