Արդարադատությունը բռնաբարեցին․ Մանվել Գրիգորյանի կինը՝ դատավճռի մասին 

Արդարադատությունը բռնաբարեցին․ Մանվել Գրիգորյանի կինը՝ դատավճռի մասին 

Դատավորը կատարեց իշխանության պատվերը, կատարեց 2018 թվականի թավշյա իշխանիկների քմահաճույքը։ Դատավորը բառից բուն իմաստով բռնաբարեց արդարադատությունը։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կին Նազիկ Ամիրյանը՝ խոսելով դատարանի վճռի մասին։

Հիշեցնենք, որ երեկ ԲԴԽ-ն հայտնեց, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի՝ վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում․ Ամիրյանից էլ կբռնագանձվի շուրջ 101 միլիոն 200 հազար ՀՀ դրամ։

«Չէի սպասում, որ դատավորն այդքան անգրագետ ու գործից դուրս որոշում կկայացներ։ Ուզում եմ հասկանալ, թե իմ գույքն ինչ կապ ուներ գեներալի գործի հետ, որ կալանք են դնում։ Դատավճիռը որևէ կապ չուներ օրենքի հետ»,- ասաց նա։ 

Ամիրյանը նշեց, որ իրականում արդար դատավճիռ չէր էլ սպասում, որովհետև դատավորի և մեղադրողի գործողությունները, ըստ նրա, ցույց էին տալիս, որ արդար դատավճիռ չի լինելու։ 

«Այդպես էլ եղավ, բայց միանշանակ բողոքարկելու ենք ու ակնկալում ենք, որ եվրոպական դատարանում մենք մեր արդարությունը կստանանք։ Այսպես «չագուճով, լոմով» դատավճիռ չեն հրապարակում, սա օրենքի ոտնահարում է»։ 

«Շատ կարևոր է գնալ արդարության հետևից»,- ասաց գեներալի այրին։

«Շատ բան աշխատեց  ժողովրդի հուզականության շնորհիվ, հիմք դրվեց բանակի քանդմանը։ Եթե ուզում ես մի բան քանդել, ուրեմն պետք է ամենաամուր սյունից սկսես, իրենք էլ մտածեցին, որ ամենաամուր սյունը գեներալն է»,- ընդգծեց Գրիգորյանի կինը։ 

Նազիկ Ամիրյանի պնդմամբ՝ այս գործի վճիռը հետագայում լուրջ հետևանքներ է ունենալու դատավորների, քննիչների համար։ 

«Այս չափ կեղծիքով, որ եկել հասել են սրան, չեն պատկերացնում, որ խարխլվելու են։ Էս երկրում ոչինչ չի փոխվել, ավելի խայտառակ ճանապարհով ենք գնում։ Նիկոլն ասում էր՝ «կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի», մի քանի օր առաջ էլ նույնը հաստատեց ու իր ասածն էլ կյանքի կոչեցին։ Տարիներ առաջ էր դեռ վայրահաչում գեներալի հասցեին, իր խոսքի տերն եղավ։ Դատավճիռը արագ հրապարակեցին, սա նշանակում է, որ երկրին վատ բան է սպասում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Լիաննա Թորոսյան