Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդես է եկել տեսաուղերձով։

Նա մասնավորապես նշել է․

«Շինծու և անհիմն քրեական գործեր են հարուցել իմ դեմ: Նիկոլ Փաշինյանի օգնականի հոգեվիճակում գտնվող  դատախազը Ազգային ժողովին է ներկայացրել ինձ պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու  միջնորդություններ: Նույնանման միջնորդություն կա նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասով։

Այս գործերը վաղուց էին կարվել, սակայն միջնորդությունը հիմա ներկայացրին, որ Վարդենիսում այրված մեր տղաների ձայները խլացնեն ու շեղեն հանրության ուշադրությունը՝ համընդհանուր բարկության ալիքը կանխելով։

Պատգամավորական մանդատը իմ կյանքի բարձրագույն տիտղոսը կամ գերնպատակը չի եղել և այն վայր դնելը ամենահեշտը կլիներ ինձ համար, մանավանդ որ վախենալու պատճառ չունեմ: Սակայն մեզ մանդատ տվել է ժողովուրդը, և սպիտակ թելով  կարած այդ գործերի շինծու, պատվիրված լինելը մենք կապացուցենք հենց ժողովրդի հետ ուղիղ խոսելով, և ոչ թե իշխանության առաջ։

Ես ողջ գիտակցական կյանքս նվիրել եմ Բանակին, Արցախին ու  Հայաստանին: Բազմիցս ասել եմ, որ այսօր էլ պատրաստ եմ զենքը ձեռքիս կանգնել հանուն Հայրենիքի մարտնչող զինվորի կողքին ու կյանքս տալ: Սակայն ի՞նչ է ստացվում. սրանք եկել են ու իրենց արյունոտ ձեռքերով ուզում են դիպչել պատվիս: Թույլ չեմ տալու»։