Ադրբեջանական կողմը Խրամորթում կրկին խուճապային իրավիճակ է ստեղծել․ Մետաքսե Հակոբյան

Արցախում ընդհանուր շատ ծանր իրավիճակ է։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Գյուղերում հենց այս պահին ադրբեջանցիները կրկին բարձրախոսներով խուճապային իրավիճակ են ստեղծում, ահաբեկում են ժողովրդին, որ որևէ գործ չնախաձեռնեն, որ դա ադրբեջանական տարածք է։ Իրավիճակ է ստեղծվել, երբ զգում ենք, ինչ-որ բան է տեղի ունենում, բայց հստակ որևէ բան չկա։ Զգում ենք, որ հակառակորդն ինչ-որ բան է ցանկանում ձեռնարկել»,- ասաց Հակոբյանը։
Հարցին` լուրը թե Խրամորթից կանանց և երեխաներին տեղափոխում են ավելի ապահով գյուղեր, որքանո՞վ է ճիշտ և ինչ է այս պահին տեղի ունենում գյուղում, Հակոբյանը մանրամասնեց․
«Խրամորթում պաշտոնական տարհանում չկա, սակայն քանի որ այդ հատվածում թշնամին շատ հաճախ է դիմում ագրեսիվ քայլերի, կանանց և երեխաներին, այո, շատերը տեղափոխում են, Ասկերան, մոտակա գյուղեր, ով, որտեղ ծանոթ բարեկամ ունի, բայց տղամարդիկ գյուղում են»։
Հակոբյանն հավելեց նաև, որ Խրամորթում դեռևս ադրբեջանական կողմը չթիրախավորված կրակում է, սակայն ռուս խաղաղապահների ներկայությունն ինչ-որ չափով սաստող է։
MediaHub-ը կապ հաստատեց նաև Խրամորթ գյուղի գյուղապետ Զորիկ Աբրահամյանի հետ՝ հասկանալու՝ այս պահին այնտեղ ինչ իրավիճակ է, վերջինս չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ անվտանգության նկատառումներից ելնելով, այս պահին որևէ բան չի կարող ասել։
Մերի Գևորգյան