Կացարանի հրդեհից զոհված 3 զինծառայողների արյան մեջ թմրամիջոց չի եղել․ ՔԿ
Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած զինծառայողների գործով նշանակված թմրաբանական փորձաքննության արդյունքը հայտնի է։
15 զինծառայողներից երեքի մասով արդյունքները բացասական են։ Այս մասին Mediahub.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Երեք զինածառայողների դեպքում էլ արյան մեջ թմրամիջոց չի հայտնաբերվել»,- նշեց Աբրահամյանը։ Մյուսների մասով դեռևս փորձաքննությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող։