ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում, Փաշինյանին կարելի էր, մյուսները՝ ոչ. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր կգնա 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստն անցնելու է դռնփակ, ներկա կլինեն միայն հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները, այսինքն՝ քննիչ հանձնաժողովի անդամները Բաբայանին իրենց ուզած հարցերը կտան, պատասխաններ կստանան, սակայն հանրության համար այդ ամենը մութ կմնա:
Գաղտնիք չէ, որ Սամվել Բաբայանը, թերեւս, ՔՊ-ականների ամենասիրելի արցախցի գործիչն է, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մտերիմն է, ուստի ՔՊ-ականները մտադիր են ջերմ ընդունել ու ճանապարհել նրան: Այսինքն՝ կարող ենք ասել, որ նրան քննիչ հանձնաժողով հրավիրելն ընդամենը ձեւական բնույթ է կրում: Ուշագրավ է, որ հանձնաժողովի ձեւավորվելուց հետո Սամվել Բաբայանը՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր դրա աշխատանքներին:
Նա հետո հայտարարեց, թե հրաժարվում է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել, քանի որ «խաղի կանոնները չեն պահպանվում»: Հիմա, փաստորեն, իրավիճակ է փոխվել. Սամվել Բաբայանի համար այլեւս «խաղի կանոնների» հարց չկա, եւ արդեն որպես հրավիրյալ է գալիս քննիչ հանձնաժողով:
Հավելենք նաեւ, որ դեկտեմբերի 3-ին արդեն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը, ուստի Սամվել Բաբայանը կլինի վերջին հրավիրյալը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ժամանակին ամեն առիթով երթ ու հանրահավաք, օրեր շարունակ Օպերայի բակում «1+1+1» ակցիա անող, 2018-ին ողջ հանրապետությունը փողոցներ փակելով կաթվածահար արած եւ հանրային դժգոհություններ գեներացնելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի իրավապահներն այսօր թույլ չեն տալիս, որ «Զանգ» շարժումը Երեւանում խաղաղ ակցիաներ անի:
Ոստիկանների մեծ խմբով, ոստիկանական տասնյակ մեքենաներով ուղեկցում են քաղաքում երթ անող մի քանի տասնյակ երիտասարդներին եւ հարմար պահ որսալով` բերման ենթարկում ոստիկանություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետի աշխատակազմի գնումներն ուսումնասիրելով՝ հանգեցինք այն եզրակացության, որ աշխատակազմը բավականին գումար է ծախսում ներկայացուցչական ծառայությունների համար։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների կայքի՝ վարչապետի աշխատակազմը մեկ ամսվա ընթացքում՝ հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 27-ը, կնքել է 1 մլն 331 հազար դրամ արժողությամբ ներկայացուցչական ծառայության համար նախատեսված պայմանագիր։
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 212 հազար 950 դրամ է արժեցել ներկայացուցչական ծառայության համար նախատեսված պայմանագիրը։ Օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում նման ծառայությունների համար պայմանագրեր չեն կնքվել։ Հուլիս-Օգոստոս ամիսների նույն պայմանագրերի արժեքը կազմել է 44 հազար 290 դրամ։ Հունիս-հուլիս ամիսներին ներկայացուցչական ծառայության պայմանագրի արժեքը կազմել է 1 մլն 323 հազար դրամ։
Մայիս-հունիս ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 916 հազար դրամ։ Ապրիլ-մայիս ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 519 հազար դրամ։ Մարտ-ապրիլ ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 784 հազար դրամ։ Փետրվար-մարտ ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 177 հազար դրամ։ Հունվար-փետրվար ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 458 հազար դրամ։
Ընդհանուր առմամբ, վերը նշված ամիսների ընթացքում պայմանագրերի արժեքը կազմել է 8 մլն 221 հազար դրամ։ Ստացվում է, որ վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում, իսկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր պետության կոպեկները շռայլ ու անիմաստ ծախսելու համար:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մոտ մեկ շաբաթ առաջ ռուսական լրատվադաշտում լուր տարածվեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Մոսկվայի Տվերսկայա փողոցում ձերբակալել են եւ շուտով կարտահանձնեն Հայաստանին։ Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը դիմել էր ռուսական կողմին՝ նրան արտահանձնելու խնդրանքով, սակայն մերժում էր ստացել։ Լուրը տարածվելու օրը դատախազությունից փորձել էինք ճշտել` ճի՞շտ է, որ Պողոսյանին պատրաստվում են հանձնել Հայաստանին, սակայն դատախազությունը, հավանաբար խորհրդավորություն պահպանելու համար, ասել էր, որ չի մեկնաբանում այդ տեղեկությունները։
Մեկ շաբաթ անց կրկին փորձեցինք դատախազությունից ճշտել՝ ի՞նչ նորություն կա․ վերջը՝ Պողոսյանին արտահանձնո՞ւմ են, թե՞ ոչ։ Պարզվեց՝ դատախազությունն ինտրիգների սիրահար է․ նույն տեքստը փոխանցեցին՝ չեն մեկնաբանում։ Նշենք նաեւ, որ հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ իրականում Միհրան Պողոսյանն ընդամենը վարչական կարգով ձերբակալվել է՝ ճանապարհային ոստիկանության հետ վիճաբանության պատճառով, ապա ազատ արձակվել, եւ արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին թեժ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
«Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր հայտնել, որ դեկտեմբերի 15-ին եւ 16-ին ՔՊ-ականները տարեվերջյան քաղաքական ժողով են անելու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Այս օրերին կուսակցությունը պատրաստվում է այդ ժողովին, հրավիրյալների ցանկը, ձեւաչափն են հստակեցնում, օրակարգի վերաբերյալ են քննարկումներ գնում:
Նախատեսվում է, որ այդ օրը ՔՊ-ն ողջ կազմով պետք է ներկա լինի՝ վարչության անդամները, պատգամավորները, նախարարները, մարզպետները եւ այլք։
Բացի կուսակցական քննարկումներից, ՔՊ-ականները նաեւ հանգստին ժամանակ կհատկացնեն:
Մի խոսքով, իշխող կուսակցությունը մտադիր է ամեն բան հավուր պատշաճի անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա: