Հացադուլը չենք դադարեցնելու, թող հարցին հստակ լուծում տան․ ցմահ դատապարտյալ 

Հացադուլը չենք դադարեցնելու, թող հարցին հստակ լուծում տան․ ցմահ դատապարտյալ 

«Սևան» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալները անօրինության զոհ են դարձել․ արդեն մեկ տարի նրանցից յոթը փորձում են պահել սահմանադրական կարգը, որը խախտվել է հենց արդարադատության նախարարության կողմից։ 

Այսպես, 22 տարի առաջ ցմահ դատապարտված Հակոբ Խաչատրյանը MediaHub.am-ի հետ բացառիկ հարցացրույցում պատմեց, որ իրենց իրավունքները խախտված են, ու այդ պատճառով նոյեմբերի 27-ից իրենք անժամկետ հացադուլ են հայտարարել, որից հետո մեկուսացվել են։

«Խնդիրն օրենքն է, նոր Քրեական օրենսգիրքը, որի կիրառման պատճառով բոլորիս իրավունքները խախտվում են։ Մեր համբերության բաժակը լցվել է։ Մենք՝ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներս, 20 տարուց ավելի է՝ անազատության մեջ ենք։ Նախկին Քրեական օրենսգրքով՝ լավ վարք ցուցաբերելու դեպքում ցմահ դատապարտյալների կալանքի ռեժիմը կարող էր փոխվել բաց կալանքի, ավելին՝ նրանք կարող էին վաղաժամ ազատ արձակվել։ Բայց հիմա՝ նոր Քրեական օրենսգրքի ընդունումից հետո, այդ կարգը չի գործում, ինչը մեր իրավունքների խախտում է։ Վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չեն ունենում, դա Սահմանադրությամբ ամրագրված է, բայց մեր դեպքում, չգիտես՝ ինչու, այս խստացումները հենց մեր մաշկին ենք զգում»,- մեզ հետ զրույցում պատմեց ցմահ դատապարտյալը։ 

Հակոբ Խաչատրյանը պատմեց, որ իրենց մեջ կան մարդիկ, որոնք 27-30 տարի անազատության մեջ են։

Նրանցից ոմանք մշակութային գործունեություն են ծավալում, լավ վարք դրսևորում, բայց միևնույն է, իրենց նկատմամբ դրականի փոխարեն, բացասական քայլեր են արվում։ «Բաց կալանք հասկացողությունը վերացրել են։ Ու դա միայն ցմահ դատապարտյալների դեպքում չէ, մնացածին էլ է վերաբերվում։ Հիմա մենք պահանջում ենք, որ մեր նկատմամբ կիրառեն օրենքով մեզ հասանելիքը։ Մենք ներկա պահին չենք ասում՝ ազատեք մեզ, ուղղակի ուզում ենք, որ դրական բնութագիր ունեցող մարդուն բացասական բնութագիր չտան՝ հաշվի առնելով այն հանցանքի ծանրությունը, որ կատարել է նա։ Ինքն իր գործածի համար արդեն 20 տարուց ավելի պատիժ է կրում։ Այսինքն՝ արհեստական արգելքներ են ստեղծում»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Ցմահ դատապարտյալ Խաչատրյանը պատմեց, որ մեզ հետ զրույցից մոտ կես ժամ առաջ իրենք հանդիպում են ունեցել արդարադատության փոխնախարարի հետ, (այսինքն՝ նոյեմբերի 28-ին, 16:30-ի սահմանում է տեղի ունեցել այդ հանդիպումը - խմբ․), նա էլ է ասել, որ, այո՛, խնդիրներ կան, իրենք էլ են տեսնում օրենքի սխալը։ 

«Ասաց՝ «դիմում գրեք, մենք տեսնում ենք խնդիրը»։ Բայց, որ տեսնում են, լուծում չեն տալիս, ո՞ւմ է պետք»,- հռետորական հարց հնչեցրեց մեր զրուցակիցը։ 

Նա տեղեկացրեց, որ իրենք արդեն դիմում են ներկայացրել թե՛ Փաշինյանին, թե՛ գլխավոր դատախազին, թե՛ արդարադատության նախարարին, թե՛ ՄԻՊ-ին։ 

«Հիմա մենք սպասում ենք հստակ արձագանքի։ Մինչև այդ արձագանքը չեղավ, հացադուլը չենք դադարեցնելու։ Իրենք գալիս, մեզ ասում են՝ «լավ կլինի», հետո գնում են, մոռանում մեզ։ Մենք մարտ ամսին էլ ենք դիմում ներկայացրել, ավելի շատ թվով մարդկանցով էինք։ Բայց քանի որ լուծում չեն տալիս, ծայրահեղ քայլի գնացինք։ Հացադուլ անողների մեջ կան նաև առողջական խնդիր ունեցողներ, բայց էդ ամենը գցել ենք մի կողմ, տեսնենք՝ ինչքան կձգենք»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Իր խոսքն ամփոփելով՝ Հակոբ Խաչատրյանն ասաց, որ իրենք փաստացի ստանձնել են Սահմանադրությունը պահպանողի դերը։ 

Նարե Գնունի