Խաղաղության պայմանագրի՝ Բաքվի մոդելը լիովին համապատասխանում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի շահերին

Խաղաղության պայմանագրի՝ Բաքվի մոդելը լիովին համապատասխանում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի շահերին

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ: 

Վերջին շրջանում Ադրբեջանում ընդգծված հակաամերիկյան քաղաքականություն է տարվում, այս իրավիճակը կարգավորելու համար արդյո՞ք ԱՄՆ-ն՝ Հայաստանի շահերի հաշվին, իհարկե, թույլ կտա Ադրբեջանին առաջ տանել իր ծրագրերը, որպեսզի պահպանի այս պետության աջակցությունը մեր տարածաշրջանում: Ի՞նչ զարգացումների սպասել ԱՄՆ ակտիվության հետ մեկտեղ, և ի՞նչ նոր մարտահրավերներ են սպասվում Հայաստանին՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում։ Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։ 

Պարզվեց՝ իրավիճակն այնպիսին չէ, ինչպես թվում է:

«Ադրբեջանում չկա ոչ մի հակաամերիկյան հիստերիա, համացանցում տարածված թյուր կարծիքը պարզապես կայծակնային արագությամբ  դիտումներ է հավաքում, սակայն ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում չկա ճգնաժամ»,- նախևառաջ նշեց մեր զրուցակիցը։

Բերելով մեկ պարզ օրինակ՝ քաղաքագետը բացատրեց, որ այս ամենը սկսվել է Ջեյմս Օ՛Բրայենի Կոնգրեսի լսումներին հայտարարությունից, որից հետո Ադրբեջանն արգելեց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերն ու կոնտակտները, բայց այսօր մենք պարզում ենք, որ հենց Օ՛Բրայենը այցելելու է Ադրբեջան։ Անգամ այս մակարդակում նման մոտեցումներն ուղղակի ծխածածկույթ են։ 

Եվս մեկ օրինակ՝ Բաքուն արգելել է USAID-ի գործունեությունը։ Մաթևոսյանի խոսքով, Հայաստանի օրինակը լավագույնս ապացուցում է, որ USAID -ին հումանիտար և բարեգործական հարցեր լուծելու համար չէ միայն, այլ իրենց համար նախընտրելի քաղաքական դաշտ ձևավորման համար է և քաղաքացիական հասարակության ձևավորման։ 

«Եկեք հասկանանք, Ադրբեջանը շահե՞ց USAID-ի փակումից, թե՞ ոչ։ Ձևակերպումներն այն կոնտեքստում, որ Ադրբեջանը ԱՄՆ-ից թեքվում է դեպի Ռուսաստան, թյուր են. ո՛չ, չի թեքվում, ու ես ցավով պետք է նկատեմ, որ Ռուսաստանում որոշ քաղաքագետներ ևս այս գնահատականն ունեն, հատկապես USAID-ի փակումից հետո։ Ադրբեջանը շատ ավելի նուրբ է գործում, քան թվում է։ Մի կողմից՝ 3+3 ձևաչափին հայտարարում են, որ կողմ են։ Եվ դրա հետ մեկտեղ Ադրբեջանը տարածաշրջանում հանդիսանում է Մեծ Բրիտանիայի շահերի գլխավոր սպասարկողը։ Մեծ Բրիտանիայի կառավարության անդամն այցելում է տարածաշրջան ու հենց այն ժամանակ, երբ նա գտնվում է Բաքվում, Ալիևը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ոչ մի խոչընդոտ չկա։ Ադրբեջանը, 3+3 շրջանակներում կարողանում է ռուսներին էլ ծախել այն վարկածը, որ մենք կողմ ենք այս ձևաչափին ու Հայաստանն է տարածաշրջան այլ խաղացողների բերում»,- ընդգծեց Մաթևոսյանը։

Ամփոփելով՝ քաղաքագետը նշեց, որ մեր հաշվին զիջումներ են լինելու, և դա պարզապես ակնհայտ է, ու ցանկանում են դա անել բանակցությունների նոր ձևաչափով՝ առաջարկելով առանց միջնորդի բանակցություններ։ 

«Առանց միջնորդի բանակցություններ չեն լինում, որովհետև Ադրբեջանի մեջքի ետևում միշտ կանգնած է Թուրքիան: Ու պարզապես չեն ցանկանում, որ Արևմուտքից կամ Ռուսաստանից լինի որևէ միջնորդ ֆորմալ բանակցություններում, որպեսզի հավելյալ պարտավորություններ երրորդ երկրների առջև Ադրբեջանը չկրի։ Ադրբեջանը պարզապես դրանից է խուսափում, ահա այս ամենն է կատարվում և ոչ մի հակաամերիկյան հիստերիա: Եվ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի մոդելը լիովին համապատասխանում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի շահերին»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մարիա Զարգարյան