Բարձիթողի վիճակ է․ եթե փլված շենքն ԱԻՆ կողմից ամրակապվեր, ավելի հեշտ կլիներ անհետ կորածներին որոնելը

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո օրեր շարունակ առանց դադարի իր աշխատանքն է իրականացրել ԱԻ նախարարությունը։ Որքանո՞վ էր արդյունավետ գերատեսչության աշխատանքը, կայի՞ն արդյոք թերացումներ․ այս և այլ հարցերի շուրջ MediHub.am-ը զրուցել է բնատեխնածին ռիսկերի կառավարման փորձագետ Արթուր Մուրադյանի հետ։

Նրա խոսքով՝ կառավարման շատ մեծ բացթողումներ ունեինք՝ սկսած շտաբի ձևավորումից մինչև քաղաքացիների՝ փրկարարական աշխատանքներում ներգրավվում։

«Աշխատանքների համակարգումն իրականացնում էր ԱԻ նախարարը։ Փրկարարական աշխատանքների համակարգումը ես չեմ պատկերացնում՝ ոնց կարող է իրականացնել ոչ մասնագետ, ոչ փրկարար նախարարը։ Այդ աշխատանքների համակարգումը պետք է իրականացներ Փրկարարական վարչության պետը»,- ասաց նա։

Արթուր Մուրադյանը նկատեց՝ փրկարարներից շատերը պատշաճ համազգեստով չէին, վարչության պետի տեղակալն անգամ մրոտ ու անպաշտպան է եղել, ինչն անթույլատրելի է։

«Սահմանազատված հատվածում ում ասես կարող էիր տեսնել, անգամ՝ քանոնահար աղջկա։ Նման իրավիճակ ես քսան տարի ծառայության մեջ չեմ տեսել»,- նշեց նա։

Փորձագետի դիտարկմամբ՝ այս բարձիթողի վիճակը վերլուծում են նաև թշնամի պետությունները, և եթե նրանք նպատակ ունենան նմանատիպ վիճակ ստեղծել մեր երկրում, տեսնում են, թե մեր իշխանությունն ինչի է ունակ։

«Սա և՛ մասնագիտական, և՛ բարոյահոգեբանական ցածր մակարդակի մասին է խոսում»,- նկատեց նա։

Այս դեպքում, ըստ Արթուր Մուրադյանի, ամբողջ պատասխանատուն ԱԻ նախարարն է։

«Սրանք ֆեյսբուքով երկիր կառավարող անձնավորություններ են»,- նկատեց նա։

Բացի այդ, մասնագետի դիտարկմամբ, եթե ամրակապման աշխատանքներ արվեին, ապա ավելի հեշտ կլիներ վթարված շենքի տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնել։

«Մինչև հիմա այդ շենքերի վրա ամրակապման հետք չկա»,- նշեց նա։