Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել

Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ Այդ մասին հայտնում է MediaHub-ի աղբյուրը։

Խոսնակն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ քիչ անց այդ մասին հայտարարություն կտարածվի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին գրել էինք, որ քաղաքական ռեպրեսիաների հետևանքով «Բալասանյան» դաշինքը որոշել է մանդատները վայր դնել, ուստի ՀՀ երկրորդ քաղաքը գնալու է արտահերթ ընտրությունների։

Մեր աղբյուրը նշեց, որ այս պահի դրությամբ ավագանու անդամները մանդատները վայր չեն դրել, սպասվում է օրվա մեջ:

Նշենք, որ դեպքերի այս զարգացումը հաջորդում է  նախորդ շաբաթ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի,  նրա որդու, համայնքի գործող ու նախկին փոխքաղաքապետերի ու ևս մեկ հոգու նկատմամբ հարուցված քրեական վարույթին։ Ավելին, ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում կա, իսկ նրա որդին ձերբակալվել, ապա գրավի դիմաց տնային կալանքի է տեղափոխվել։ Շատ ավելի վաղ էլ՝ անցած տարեվերջին, Բալասանյանի որդին հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից, ընդ որում պաշտոնավարել էր ընդամենը երեք ամիս: Այլ կերպ ասած՝ քաղաքական ճգնաժամը հայրաքաղաքում առնվազն մեկ տարվա վաղեմություն ունի:

Նարե Գնունի