Լեհաստանն արդեն մոտ 60 կիլոմետր պատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանն արդեն մոտ 60 կիլոմետր պատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանն այսօրվա դրությամբ մոտ 60 կիլոմետր պատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ պլանի եւ նախատեսվում է ավարտել հունիսի վերջին, հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը, փոխանցում է Deutsche Welle-ն։

Լեհ-բելառուսական սահմանի երկարությունը 418 կիլոմետր է, որից 186 կիլոմետրը ցամաքով է անցնում։ Անցյալ տարվա ամռան վերջին եւ աշնանը իրավիճակն այնտեղ սրվել էր։ Ճգնաժամային շրջաններից Բելառուս ժամանած հազարավոր միգրանտներ փորձել էին անօրինական կերպով մուտք գործել Եվրամիություն։ ԵՄ-ն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում է ԵՄ արտաքին սահման միգրանտների տեղափոխումը կազմակերպելու մեջ՝ Արեւմուտքի վրա ճնշում գործադրելու նպատակով։

Վերջին շաբաթներին եղանակների տաքացման հետ կրկին ավելացել է լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու փորձերի թիվը։ Սահմանապահների տվյալներով՝ միայն անցած ուրբաթ Բելառուսից 76 մարդ փորձել է այն հատել։

2021 թվականի օգոստոսի վերջին լեհ սահմանապահներն արդեն սահմանի ցամաքային հատվածներում մոտ 2,5 մետր բարձրությամբ ժամանակավոր փշալարեր էին կանգնեցրել՝ միգրանտների համար դրա հատումը դժվարացնելու համար։ Հունվարի վերջին այն փոխարինվել էր 5,5 մետր բարձրությամբ ֆիքսված պատնեշով՝ հագեցած շարժման սենսորներով եւ հսկողության տեսախցիկներով։ Այս նախագծի իրականացման համար հատկացված բյուջեն կազմում է 366 միլիոն եվրո։