Լևերկուզենի «Բայերը» Եվրալիգայի եզրափակչում է․ գերմանական ակումբը նորից հրաշք գործեց՝ շարունակելով անպարտելիությունը

Հայտնի դարձավ Եվրոպայի լիգայի եզրափակչի մյուս մասնակիցը։ Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց իտալական «Ռոմայի» դեմ։
Առաջին խաղում գերմանական ակումբը «հռոմեացիների» հարկի տակ հաղթել էր 0-2 հաշվով։
Չնայած «Բայերի» խաղային առավելությանը՝ «ԲայԱրենայում» խաղի հաշիվը 11-մետրանոց հարվածով բացեց «Ռոմայի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը։ Գերմանացիների պաշտպան Ջոնաթան Տահը խաղի կանոնները խախտել էր հարձակվող Սերդար Ազմունի հետ պայքարում։ 2-րդ խաղակեսում հռոմեական ակումբը ևս մեկ 11-մետրանոցի հնարավորություն ստացավ։ Մրցավարը ֆիքսեց, որ եզրային Ադամ Գլոժեկը ձեռքով է խաղացել սեփական տուգանային հրապարակում։ 66-րդ րոպեին Պելեգրինին դուբլ ձեւակերպեց՝ վստահ իրացնելով հարվածը։ Իսկ արդեն 82-րդ րոպեին գերմանական ակումբի եզրային Ալեխանդրո Գրիմալդոյի անկյունային փոխանցումից հետո գնդակը դիպավ «Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինիին ու հայտնվեց իտալական ակումբի դարպասում։ 90+7-ին պաշտպան Յոսիպ Ստանիշիչին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը։ 4-2 ընդհանուր հաշվով գերմանացիներն անցան եզրափակիչ։ «Բայերին» հաջողվեց շարունակել անպարտելի ընթացքը (49 խաղ)։ Այս ցուցանիշով լևերկուզենյան ակումբը բացարձակ ռեկորդակիր է արդեն։
Այսպիսով Եվրալիգայի եզրափակչում կհանդիպեն իտալական «Ատալանտան» ու գերմանական «Բայերը»։ Հանդիպումը տեղի կունենա մայիսի 22-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում։