Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»

Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպասելի էր, որ փաշինյանական իշխանությունները, առաջին հերթին՝ ռեակցիոնռեպրեսիվ օրգանները կայծակնային արագությամբ կարձագանքեն ՔՊ-ի յուրային քարոզչամիջոցի ներկայացուցչի հետ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպին: Այդպես էլ եղավ. քպականների տոտալ աղմուկի ֆոնին Քննչական կոմիտեն «արագի մեջ» վարույթ է նախաձեռնել: Անկասկած է, որ անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, ցանկացած ճնշում, առավել ևս լրագրողի նկատմամբ, որը պայմանավորված է նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեության հետ: Թե հատկապես ինչ է կատարվել խորհրդարանում, թող պարզի քննությունը, որի անկողմնակալությունն, ինչ խոսք, խիստ կասկածելի է:

Բայց նույնիսկ դա չէ հարցը: Հարցն այն է, որ հերթական անգամ կիրառվում են այս իշխանության համար սիրելի ու սովորական դարձած բազմակի ստանդարտներ: Ինչո՞ւ նույն քպականներն ու նրանց մերձ շրջանակները ճիշտ նույն կերպ չէին արձագանքում, դատապարտում այլ լրագրողների նկատմամբ բռնություններն ու ճնշումները, ինչո՞ւ իրավապահները վարույթ չէին նախաձեռնում: Օրինակնե՞ր: Դրանք բազմաթիվ են: Հայաստանի ժուռնալիստների միությունն, օրինակ՝ մի քանի դեպք է հիշեցրել իր հայտարարության մեջ:

ԱԺ գործող փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը: «5-րդ ալիքի» լրագրող Կարինե Մանգասարյանին ԱԺ-ում քպական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Քրիստինե Պողոսյանը փողոցային բառապաշարով սպառնացին ու քաշեցին վերջինիս միկրոֆոնը՝ փորձելով գցել այն: Լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահի հրահանգով ոստիկանները տառացիորեն քարշ տալով դուրս բերեցին ԱԺ շենքից:

Տավուշում անմարդկային կերպով, ձեռնաշղթաներով գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին: ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ դրսևորելով, վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին: Նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց: Ոստիկաններն օրերս հրեցին ու գցեցին Oragir.news. am կայքի լրագրող Անի Ներկարարյանին: Ընդ որում, վերը նշված օրինակներն ամբողջական չեն: Եվ բոլոր այդ դեպքերում... ոչ մի իրավական հետևանք, ոչ մի դատապարտում: Ավելին, իշխանությունների քարոզչամեքենան նման դեպքերում ակտիվանում և արդարացնում էր նման պահվածքը «ոչ յուրային» լրագրողների նկատմամբ: Իսկ հիմա հանկարծ բոլոր լեզուները բացվել են, իրավապահ համակարգն էլ նույնիսկ քրեական վարույթ է նախաձեռնել:

Կրկնում ենք, բացարձակ անընդունելի է ցանկացած բռնություն: Բայց դա պետք է գործի բոլորի համար հավասարապես: Թե չէ ստացվում է՝ ոմանց արյունը կապույտ է կամ ընդունված «խմբերից» տարբերվող...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում