Ո՞ւմ հետ կմենամարտի Կամո Ունանյանը՝ MMA-ի երևանյան մրցաշարում

Սպորտային կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը շուտով կմենամարտի նաև MMA սպորտաձևում։ Օրերս, Երևանում MMA սպորտաձևի մրցաշարեր կազմակերպող նոր, բայց արագ զարգացող «Exclusive Fighting Championship» (EFC) կազմակերպության հետ պայմանագիր կնքեց։ Այս մասին հայտնում են Հայաստանի կարատեի միության լրատվականից։
Ըստ պայմանագրի, հուլիսի 23-ին, Երևանում ընթացող MMA-ի մրցաշարում Կամոն բացառիկ կարգով կունենա իր դեբյուտային մենամարտը։
Թերևս դեռ պարզ չէ, թե ով է լինելու Կամոյի հակառակորդը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցով զբաղվում են EFC-ի մենեջերները, ապա հավելեց, որ մի քանի տարբերակներ քննարկվում է․ «Ես EFC-ի մենեջերներին հատուկ զգուշացրել եմ, որ մրցաշարում հակառակորդս ոլորտում չլինի նորեկ, այլ փորձառու մասնակից»,- ասաց Ունայանն ու պնդեց․ «Որքան էլ փորձառու լինի հակառակորդս, միևնույն է, ամեն ինչ անելու եմ, որ գեղեցիկ հաղթանակ ունենամ»։
Իսկ գեղեցիկ ու բացառիկ հաղթանակի համար Կամոն արդեն ամենօրյա խիստ ռեժիմով սկսել է մարզումները։
Հարցին, թե արդյո՞ք դժվար չէ կարատեից միանգամից անցում կատարել MMA-ին, սպորտային կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոնը շեշտեց․«Այս ոճում բոլոր սպորտսմեններն էլ ինչ-որ սպորտաձևերից են մարզական ուղին շարունակել MMA-ում»,- ասաց Կամոն ու շտապեց տեղեկացնել, որ չի պատրաստվում դադարեցնել սպորտային կարատեի իր կարիերան։
«Սա պարզապես մեկ մենամարտ է լինելու, որից հետո կմտածենք հետագայում կշարունակե՞մ MMA-ում թե ոչ։ Իհարկե, չեմ պատրաստվում լքել սպորտային կարատեն, ավելին՝ մինչև տարեվերջ բազմաթիվ շատ կարևոր մրցաշարեր կան, որին ես պետք է մասնակցեմ։ Անխոս, պետք է պատրաստվեմ որպեսզի դրանք էլ հաջողությամբ ու հաղթանակով պսակվեն»,- վստահեցրեց Սպորտային կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը ։
Ի դեպ, մինչ MMA-ի երևանյան մրցաշարը, հունիսի 10-12-ը Կամո Ունանյանը պատրաստվում է Խորվաթիայիում մասնակցել կարատեի Շիտորյու մարզաձևի եվրոպայի առաջնությանը։