Մինսկի խումբն ի՞նչ գործ ունի խաղաղության պայմանագրի հետ․ Գեղամ Նազարյան

Նորմալ է, որ 5 կետերում գերիների մասին խոսք չկա։ Ադրբեջանն է ներկայացրել այդ նախապայմանները։ Եթե իրենք նախապայման են դնում, մենք էլ պիտի դնենք, որ, օրինակ, մինչև գերիներին չվերադարձնեն, մինչև Ադրբեջանը չճանաչի ազգերի ինքնորոշման իրավունքը, մինչև չհեռանա Հայաստանի սուվերեն տարածքից, մենք չենք գնա բանակցության։
Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ խոսելով Բաքվի ներկայացրած 5 կետերի մասին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 կետերը` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն է դիմել՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։
Նազարյանը մեջբերեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների։
«Հայկական կողմը դիմել է ՄԽ համանախագահությանը, և սա էլ է անհասկանալի։ ՄԽ-ն խնդիր ունի լուծելու Արցախի հիմնահարցը, ի՞նչ գործ ունի այսպես ասած՝ խաղաղության պայմանագրի հետ։ Մենք հիմա մտել ենք անհեթեթության մի փուլի մեջ ու չես հասկանում հայտարարությունների հիմքը, պատճառները։ Այս ամենը երկրի թիվ մեկ ղեկավարի տեսլականի մեղավորությունն է, որ մեզ տանում է պարտվողի, խեղճի ճանապարհով»,- ասաց նա։
Նազարյանի խոսքով՝ Փաշինյանն այդ պարտվողի վարքագիծը տարածում է նաև մյուս կառույցների վրա՝ ՊՆ-ի, ԳՇ-ի, ԱԳՆ-ի, ԱԱԾ-ի և այլն։
«Մեր խնդիրը երկրի ղեկավարի տեսլականն է՝ «Սև լճի համար հո՞ չենք կռվելու», «Խոզնավարի համար հո՞ չենք կռվելու», և նույնիսկ, չգիտես ինչու, հասանք մի կետի, որ բանակի մասին դոկտրինում գրված է, որ մեր բանակը հարձակվելու համար չէ, ո՞ր երկիրն է գրել, որ ինքը հարձակման համար է կամ հակառակը։ Ես միշտ կոչ եմ անում՝ այս աղետների հիմքին կենտրոնանանք։ Խնդիրն այդ 5 կետը չէ, բոլոր լրատվամիջոցները, մարդիկ չպետք է դառնան ադրբեջանական կողմի լավ մշակված ծուղակի զոհը, իրենք նայում են, որ իրենց հայտարարությունները հայկական կողմը քննարկում է և ասում՝ եթե քննարկում են, ուրեմն ընդունում են։ Կոնտեքստը սա է՝ եթե դու ճիշտ դիրքերով ես գնում բանակցությունների, ի՞նչ է նշանակում՝ այս 5 կետերը ընունեք, հետո եկեք, բանակցեք։ Եթե դու ընդունում ես նախապայմանը ու գնում ես բանակցությունների, էլ պետք չի գնալ, գնում ես, ի՞նչ անես, գնաս, ասես՝ լավ, դե, տեքստը տվեք, ստորագրեմ»։
Լիաննա Թորոսյան