Էլեկտրամոբիլ ներկրելու նոր կարգը․ մանրամասներ

Էլեկտրամոբիլ ներկրելու նոր կարգը․ մանրամասներ

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկվող նախագծերից մեկը վերաբերում էր էլեկտրամոբիլների ներկրման հարցին։ Բանն այն է, որ 2024 ու 2025 թվականներից յուրաքանչյուրի համար Հայաստանը ստացել է առանց մաքսատուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծելու հնարավորություն։ 

Այս 8000 մեքենաներից 7400-ը պետք է 2024 թվականի ընթացքում բաշխվեր, իսկ մնացյալ 600-ը պետք է պահվեին դիլլերային ընկերությունների համար։ Որոշումն, ըստ Կառավարության, այն հիմքով էր, որ նախորդ տարիներին 8000-ի շեմին անգամ չեն հասել էլեկտրական մեքենաներ ներկրելու դիմումները։

Սակայն այս տարի պատկերն այլ է, աննախադեպ քանակով դիմումներ են ստացվել՝ էլեկտրական մեքենաներ ներկրելու համար։ Այդ պատճառով հիմա 600 մեքենաները ևս կբաշխվեն, ու քաղաքացիները հնարավորություն կունենան զրոյական տոկոսով մեքենա բերել Հայաստան։ 

Այսինքն՝ առաջիկա 600 ներկրողները զրո տոկոս մաքսատուրքով Հայաստան կներմուծեն իրենց մեքենաները։

Բացի այդ, նոր նախագծի համաձայն՝ ամբողջական քվոտան լրանալուց հետո էլ քաղաքացիները էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծելիս ԱԱՀ չեն վճարի, և իրենց կմնա վճարել միայն մաքսատուրքը։

Ստացվում է, որ արտոնյալ միջավայրը էլեկտրական շարժիչով ավտոմոբիլների ներկրման համար չի վերանում։

Նարե Գնունի