Պատգամավորը տուն վարձելու համար ամսական գումար է ստանում, Կոշտ արձագանքներ և «արագի մեջ» սրբագրումներ. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջերս Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել էր․ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել գերիներին: Այս պահին Ադրբեջանում դեռեւս 2020-ի պատերազմից մնացած գերիներ կան, տարբեր հաշվարկներով՝ մոտ 80 անձ, իսկ այս սեպտեմբերի 19-ից հետո գերեվարվեցին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար՝ գեներալ Լյովա Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:
ԱԳՆ-ից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք Հայաստանում այս պահին կան ադրբեջանցի ռազմագերիներ, որոնց կարող ենք փոխանակել` Մարիա Զախարովայի առաջարկած բանաձեւով: ԱԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ Հայաստանն ադրբեջանցի ռազմագերի չունի:
Այսինքն՝ պատերազմից հետո բոլորին հանձնել են: Իսկ հարցին, թե Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում Ադրբեջանի քանի դատապարտյալ կա, ԱԳՆ-ից չպատասխանեցին` նշելով, որ պետք է դիմել իրավասու մարմնին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում ադրբեջանցի 2 ահաբեկիչներ են դատապարտվել, որոնցից մեկը` Հուսեյն Ախունդովը, սպանել էր ԶՊՄԿ պահակին: Չի բացառվում, որ Հայաստանում այս պահին միայն այս 2 ադրբեջանցիները լինեն:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին ռուսական լրատվականները, այդ թվում՝ պետականները, հղում անելով իրենց «բարձրաստիճան աղբյուրին», գրել էին, որ պաշտոնական Մոսկվան «հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը համարում է բացարձակ սադրիչ՝ հատկապես՝ Ռուսաստանի և հայռուսական հարաբերությունների առումով»։
«Եթե Մոլդովան համարենք 2-րդ Ուկրաինա, կտեսնենք, թե ինչպես են Հայաստանը փորձում դարձնել 3-րդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը «թռիչքներ» է կատարում Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- մասնավորաբար ասել է ТАСС-ի աղբյուրը։ Չնայած երեկ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը շտապեց նշել, թե Նիկոլ Փաշինյանի ելույթում չէր նշվել կոնկրետ երկիր, ասվել էր միայն, որ կա հիասթափություն մեր դաշնակիցներից, իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ «արագի մեջ» նշեց, որ Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Ռուսաստանում իրականում իսկապես շատ մեծ դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան «բողոքներից», և «սադրիչ» ձևակերպումը բավականին մեղմ է իրական արձագանքի հետ համեմատ։
Ավելին, ինչպես փոխանցում է թերթի դիվանագիտական աղբյուրը, Փաշինյանի ելույթից հետո ՌԴ ԱԳՆ-ից «փակ» տեքստ է ուղարկվել մեր ԱԳՆ-ին, որտեղ բավական կոշտ շեշտադրումներով ներկայացվում են այդ ելույթի հետ կապված իրենց մոտեցումները։ Ի դեպ, մեր տեղեկություններով, արտաքին գերատեսչության աշխատակազմում երեկ ամբողջ օրը հիմնական քննարկման թեման կապված է եղել այդ դրվագի հետ (ոլորտային մասնագետները հասկանում են, թե իրականում ինչ ռիսկեր են պարունակում Փաշինյանի ելույթի տողատակերը)։ Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ որոշակի «զրույց» է եղել Մոսկվայում: Ի դեպ, չի բացառվում, որ նման արձագանքներից հետո էին վերոնշյալ պաշտոնյաները երեկ շտապում «սրբագրել» Նիկոլ Փաշինյանին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դեռեւս հունիսին թմրանյութի հետ կապված սկանդալ եղավ՝ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել էին բարձր պաշտոն զբաղեցնող ԱԱԾ-ականի որդուն, որի մեքենայից հայտնաբերել էին մոտ 240 պարկ թմրանյութ։ Հետո պարզվեց, որ թմրանյութ տեղափոխողն ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Խաչատուր Կոստանդյանի որդին է, որը գործել էր ընկերոջ՝ Աճարկուտ համայնքի նախկին գյուղապետի որդու հետ։
Չնայած դեպքից հետո լուրեր տարածվեցին, որ Կոստանդյանը նույն օրն ազատվել է աշխատանքից, սակայն պարզվում է՝ նա մինչ օրս նույն պաշտոնին է` չի ազատվել: Նրան ճանաչողներն ասում են՝ «պրոֆեսիոնալ է, օպերատիվ է աշխատում», բայց ԱԱԾ պաշտոնյայի որդու` թմրանյութի սկանդալային պատմությունը պետք է լուրջ պատճառ լիներ՝ հորը համակարգից ազատելու համար։
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում իշխանական ու մերձիշխանական քարոզիչները իրենց տեղեկատվական հարթակներում, այդ թվում՝ Տելեգրամ-ալիքներում, կազմակերպված արշավ են սկսել «Ողջ մնալու արվեստը» կենտրոնի ու նման այլ նախաձեռնությունների դեմ: Ավելին, հենվելով այն գործոնի վրա, որ մեր հանրության մի որոշակի հատվածը հակված է հավատ ընծայել ցանկացած ծայրահեղականացված անհեթեթության, նույնիսկ փորձում են համեմատության եզրեր կառուցել «վագներականության» հետ:
Իրականում կոնկրետ ՈՄԱ-ի ու նման այլ կառույցների նպատակներն ամենևին կապ չունեն ոչ միայն վերը նշված կառույցի հետ, այլ խնդիր են դրել առաջին հերթին ազգաբնակչությանը ինքնապաշտպանության առնվազն տարրական գիտելիքներ և ունակություններ փոխանցելը: Դրա համար այդ կառույցների կողմից պարբերաբար իրականացվում են դասընթացներ, ինչպես նաև մի շարք նախագծեր` ուղղված երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:
Զուգահեռ իրականացվում են ծրագրեր, որոնք միտված են, այսպես կոչված, «երկրորդ գիծն» ամրապնդելուն: Օրինակ՝ արդեն բավական հայտնի դարձած «Գմբեթ» ծրագրերը նպատակ ունեն կառուցել նվազագույնը 500 կրակակետ ամենաբարդ և վտանգավոր ուղղություններով, իսկ առավելագույնը՝ մինչև 4700 կրակակետ Հայաստանի ողջ տարածքում, սահմանի ողջ երկայնքով, բնակավայրերի շուրջ, ճանապարհների հանգուցային կետերում:
Թվում է՝ այս պայմաններում, երբ իրենց գործողությունների պատճառով ծանր հարված է հասցվել բանակին, վտանգված է երկրի անվտանգային ողջ համակարգը, իշխանությունները պետք է նույնիսկ շնորհակալ լինեին այսպիսի նախաձեռնությունների հեղինակներից: Այնինչ, նրանք հակառակն են անում: Եվ նման նախաձեռնությունների դեմ իշխանական այսպիսի կազմակերպված արշավն, ըստ էության, ցույց է տալիս, որ այս իշխանությունները շահագրգռված չեն ունենալ պաշտպանունակության առումով ավելի գրագետ ու պատրաստված հասարակություն, ինչպեսն նաև առավել ապահով սահմաններ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը մամուլին բացատրել էր, թե ինչու է ամուսնուն օգնական նշանակել` ասելով, որ նա հասարակական հիմունքներով է աշխատում, այսինքն` առանց աշխատավարձի: Իսկ նշանակել է, քանի որ Գյումրիում է ապրում, ամուսինն է մեքենայով աշխատանքի բերում-տանում, օգնականի կարգավիճակը թույլ է տալիս նրան՝ մտնել ԱԺ տարածք եւ իրեն սպասել աշխատասենյակում։
Սակայն ԱԺ-ից տեղեկացանք, որ Էմմա Պալյանն ԱԺ-ից ստանում է մարզային պատգամավորներին հասանելիք ամսական 100 հազար դրամը, որը Երեւանում բնակարանի վարձակալության համար է նախատեսված։ Այսինքն՝ Պալյանի ամուսինը կնոջը Գյումրի հասցնելու անհրաժեշտություն չունի, նրանք պետք է Երեւանում բնակություն հաստատած լինեն։ Սա նաեւ խոսում է այն մասին, որ պատգամավորները չգիտեն, թե օրենքն իրենց ինչու է օգնականների հաստիք տրամադրել: