Նարեկ Զեյնալյանը հեռանում է ԱԺ-ից, ո՞վ կփոխարինի նրան

Նարեկ Զեյնալյանը հեռանում է ԱԺ-ից, ո՞վ կփոխարինի նրան

Քիչ առաջ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Դեռևս պարզ չէ՝ հեռանալու պատճառը նրանից դժգոհությունն է ԱԺ-ում աղմկահարույց լսումներից հետո, թե նա պատրաստվում է իր գործունեությունը շարունակել որևէ գերատեսչությունում:

Նրա գրառումը ավելի շատ խոսում է այն մասին, որ այս պահին գոնե ապագան անորոշ է.
«Իմ քաղաքական թիմի հետ միասին հաղթահարել ենք  բավականին ծանր փորձություններ և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով  հաղթահարել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր մարտահրավերները և  իրականություն կդարձնեն մեր երազանքները»:

Բայց սա փաշինյանական Հայաստանն է, և այստեղ ամեն բան հնարավոր է՝ իրավաբան Առողջապահության նախարարի պաշտոնում, կամ նույն հաջողությամբ հենց ինքը՝ Զեյնալյանը, որ մասնագիտությամբ բժիշկ է, ասենք, փոխարինի Արգիշտի Քյարամյանին և նշանակվի ՔԿ նախագահ: Սպասենք:

MediaHub-ը փորձեց պարզել՝ ո՞վ է լինելու ՔՊ-ական հերթական, հաջորդ պատգամավորը։ Ըստ ցուցակի, ԱԺ պետք է գա ՔՊ նախընտրական ցուցակի 97-րդ անդամը՝ Աշոտ Մնացականյանը, սակայն 2023 թվականի դեկտեմբեր ամսին ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածու Աշոտ Մնացականյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել։

Ուստի հերթական հաջորդ համարը Ալեքսանդր Ավետիսյանն է, որը նախորդ գումարման խորհրդարանում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Նարե Գնունի