Միրզոյանը խոստովանեց, թե ինչպես են «խաղաղության պայմանագրից» անջատել Արցախի հարցը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անուղղակի նշեց, թե ինչպես են Ալիեւն ու Փաշինյանը պայմանավորվել «խաղաղության պայմանագրի» շուրջ ու դրանից անջատել, իր խոսքով՝ ԼՂ բնակչության անվտանգության հարցը։ 

«Ի սկզբանե, երբ նախաձեռնում էինք «խաղաղության պայմանագրի» շուրջ Ադրբեջանի հետ քննարկումները, պայմանավորվածություն եղավ այդ բանակցությունները վարել 2 հիմնական ուղղություններով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման եւ կարգավորման «խաղաղության պայմանագրի» շուրջ եւ մյուսը՝ Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչության անվտանգության։ Տեւական ժամանակ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսանավում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց։ Մյունխենում՝ Բլինքեն-Ալիեւ-Փաշինյան ֆորմատով քննարկման ընթացքում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հավաստիացումը, որ այդ երկխոսությունը Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ տեղի ունենա։ Վերջին տարիներին տեսել ենք, որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, տրվում են հավաստիացումներ, խոստումներ, ապա՝ նահանջ բարձրաձայնած պատրաստակամությունից»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ըստ էության, հաստատում է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Լեռնային Ղարաբաղից եւ չեն կարողանում ապահովել այնտեղ ապրող հայության անվտանգությունը։ Հարկ է նշել, որ Միրզոյանն արտաբերում է միայն «Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգություն» ձեւակերպումը եւ չի խոսում ԼՂ կարգավիճակի մասին։ 

MediaHub-ը կրկին թարմացնում է իր հարցադրումը՝ ո՞վ կպնդի հակառակը, թե Նիկոլ Փաշինյանը չի հանձնել Արցախը:

Մանրամասները՝ տեսանյութում։