Փաշինյանը գնալո՞ւ է Մոսկվա 

Փաշինյանը գնալո՞ւ է Մոսկվա 

ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելուց հետո լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանը Լարսի անցակետում լուրջ խոչընդոտներ է հարուցել հայկական սննդամթերքի արտահանման մասին: Այս մասին երեկ խոսել են նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները, իշխանությունից հերքող արձագանք չի եղել:

Այս լուրերի համատեքստում երեկ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հուշում են, թե Փաշինյանը հասկացել է Մոսկվայից եկող ազդակները և մյուս ամիս մեկնելու է Ռուսաստան:

«Մենք Երեւանից ազդանշան ստացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին պատրաստվում է գալ Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ) և ԵԱՏՄ-ի պաշտոնական գագաթնաժողովին»,- երեկ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Պաշտոնական Երևանն այս տեղեկատվությունը չի հերքել, ու եթե այն հաստատվի, փաստացի վերջ կտրվի պաշտոնական Երևանի ռուսաստանյան դեմարշին:

Թերևս, Փաշինյանի այցի վերաբերյալ պայմանավորվածությունն արդեն կայացված է, ու դրանով է պայմանավորված ՀԱՊԿ ղեկավարության ընդգծված զուսպ արձագանքը վերջին գագաթաժողովին Փաշինյանի բացակայությանը:

Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը, Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Որքանով ՀԱՊԿ քարտուղարությանը հայտնի է, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթի են եղել։ Ամեն դեպքում սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի»,-նշել է գլխավոր քարտուղարը։

Արդյո՞ք նոր շրջադարձ սպասել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, թե՞ Փաշինյանը փորձում է ժամանակ շահել, որպեսզի ավելի ուժեղ հակազդեցություն չառաջացնի Մոսկվայում:

Վահրամ Բագրատյան