Հայկական FlyArna ընկերության տոմսերի վաճառքը դեկտեմբերի 3-ից հասանելի չէ

Ավիացիոն տելեգրամ ալիքներում այսօր հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ հայկական FlyArna ավիաընկերության չվերթները դեկտեմբերի 3-ից անհասանելի են։
Մասնավորապես, ընկերության կայքում հնարավոր չէ տոմսեր ձեռք բերել բոլոր ուղղություններով, ամսաթվերով։
Սակայն Aviasales-ի տվյալներով՝ անցյալ շաբաթ չվերթները եղել են հասանելի։ Այս պահի դրությամբ չվերթների մասին տեղեկություններն ու տոմս ձեռք բերելու հնարավորությունն ինչպես ընկերության պաշտոնական կայքում, այնպես էլ Aviaseles-ում բացակայում է։
MediaHub-ը փորձեց իրավիճակի հետ կապված մեկնաբանություն ստանալ FlyArna ընկերությունից, սակայն ընկերության մամուլի պատասխանատուն ասաց, որ ինքն այս պահին արձակուրդում է, և որ իրավասու չէ պատասխանել հարցերին։ Նա հորդորեց ուղարկել գրավոր հարցում, որին «կպատասխանեն եռօրյա ժամկետում»։
Փորձեցինք զանգահարել նաև FlyArna ընկերության հեռախոսահամարով, սակայն մեր զանգին պատասխանեց ինքնապատասխանիչը՝ պարբերաբար ուղղորդելով այս կամ այն թիվը, բայց այդպես էլ որևէ կենդանի անձ մեզ չպատասխանեց։
Ի դեպ, MediaHub-ի տեղեկություններով՝ FlyArna-ն նաև որոշ չվերթներ է հանել ցանկից, բայց քանի որ մեր հարցերին ու զանգերին պատասխանող չեղավ, այս տեղեկությունը ևս չկարողացանք իրենցից ճշտել։
Հաջորդիվ կփորձենք հասկանալ, թե ինչ խնդիր է ավիատոմսերի վաճառքի հետ:
Վահե Մակարյան