«ՔՊ-ի իշխանազավթման 50 երանգները»՝ Գյումրիի օրինակով. ի՞նչ է անելու ՀՀԿ-ն

Հանրապետության երկրորդ քաղաքը՝ Գյումրին, քաղաքական ճգնաժամում է։ Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ իշխող «Բալասանյան» դաշինքի 14 անդամներն, այդ թվում համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, մանդատները վայր են դրել։
MediaHub-ի տեղեկություններով՝ մանդատը ստանձնելուց հրաժարվել են նաև դաշինքի ցուցակի մյուս 5 անդամներից չորսը, իսկ 5-րդ թեկնածուն երկրում չէ։ Արդյունքում՝ Գյումրին այս փուլում մնացել է անգլուխ, ինչն էլ նոր քաղաքական ճգնաժամ է ստեղծում համայնքում։
Ինչո՞ւ «Բալասանյան» դաշինքը հրաժարվեց մանդատներից, դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել, դաշինքից խուսափում են որևէ հրապարակային միտք արտահայտել, սակայն, մամուլով հնչող բազմաթիվ հայտարարությունները, թե սա Փաշինյանի ռեժիմի հերթական ռեպրեսիայի հետևանք է՝ չի հերքվում ո՛չ դաշինքի, ո՛չ էլ անգամ ՔՊ-ի կողմից։
Այսպես, 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Գյումրիում ՔՊ-ն պարտվել է «Բալասանյան» դաշինքին՝ ստանալով ձայների 30%-ը, մինչդեռ դաշինքը ստացել էր ձայների 36.59%-ը։ Եվ սա տարավ նրան, որ ընտրություններից հետո առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Ըստ հուշագրի, Գյումրիում քաղաքապետի թեկնածու առաջադրվեց «Բալասանյան դաշինք»-ից Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետեր առաջադրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած անդամները։
Սակայն, այս հուշագիրն էլ երկար կյանք չունեցավ, երկու տարի անց՝ 2023 թվականին, ՔՊ-ն խզեց «Բալասանյան» դաշինքի հետ կնքած հուշագիրը։ Եվ հենց այդ պահից սկսվեցին դաշինքի նկատմամբ քաղաքական ռեպրեսիաները։ Մասնավորապես, նախ տարեվերջին Բալասանյանի որդին հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից, ընդ որում պաշտոնավարել էր ընդամենը երեք ամիս: Ապա, Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու, համայնքի գործող ու նախկին փոխքաղաքապետերի ու ևս մեկ հոգու նկատմամբ քրեական վարույթ հարուցվեց։ Ավելին, ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում կա, իսկ նրա որդին ձերբակալվել, ապա գրավի դիմաց տնային կալանքի է տեղափոխվել։
Արդյունքում՝ եղավ այն, ինչ եղավ։ Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանի խոսքով՝ այս ամենը սպասելի էր։ Նմանատիպ դեպքեր Վանաձորում ու Ալավերդիում արդեն եղել են։ Ըստ նրա՝ հիմա պետք է սպասել արտահերթ ընտրությունների, քանի որ ավագանու նիստ, ամենայն հավանականությամբ, չի լինի։
«Գյումրու ավագանու 33 անդամներից 14-ը «Բալասանյան» դաշինքից էին, և հիմա, փաստացի, ավագանին ունի 19 անդամ։ Այդ 19 անդամներից 11-ը ՔՊ-ից են, երկուական մանդատ ունեն «Ապրելու երկիրն» ու «Հանրապետականը», և 3+1 անդամն էլ «Զարթոնք» կուսակցությունը։ Հիմա ավագանու նիստ գումարելու համար պետք է քվորում ապահովվի, իսկ քվորում կլինի, եթե ավագանու 17 անդամ ներկայանա»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Նարեկ Միրզոյանը։
Հարցին, թե արդյո՞ք «Հանրապետականը» կմասնակցի նիստին, Միրզոյանը պատասխանեց՝ իրենք ՔՊ-ի հետ գործակցության որևէ եզր չունեն ու չեն էլ ունենալու։ Արտահերթ ընտրություններին մասնակցելու մասով էլ, Միրզոյանը նշեց, որ իրենք դեռ որոշում չունեն։
Հիմա, եթե հաջողվի քվորում ապահովել, ապա ՔՊ-ի թեկնածուն առանց որևէ խոչընդոտի կդառնա համայնքապետ։ Այս դեպքում իշխանության ջրաղացը ջուր չլցնելու համար մյուս ուժերը պետք է պարզապես քվորում չապահովեն։ Սակայն, եթե մամուլի հրապարակումներին հետևենք, ապա ՔՊ-ն ցանկանում է համայնքապետի պաշտոնում տեսնել ներկայիս պատգամավոր Կարեն Սարուխանյանին, իսկ սա նշանակում է, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն, որպեսզի Սարուխանյանն ընտրվի։ Թեև, կարող է նաև Երևանի սցենարը լինել․ կարող են ավագանու նիստ գումարել, ՔՊ-ից համայնքապետ ընտրել, ապա որպես ԺՊ Սարուխանյանին տանել։
Նարե Գնունի