Առավոտյան սուրճն օգտակա՞ր է, թե՞ վնասակար

Սուրճը մեր առօրյայում բավականին մեծ տեղ է զբաղեցնում։ Գրեթե բոլոր աշխատող մարդիկ օրը 1-2 բաժակ այս ըմպելիքից խմում են, եթե ոչ հաճույք ստանալու, ապա գոնե՝ թարմանալու, աշխատանքային ժամերին առույգանալու համար։
Շատերն անգամ առավոտյան նախաճաշի փոխարեն նախընտրում են միայն սուրճ ըմպել։ Իսկ տնային տնտեսուհիների մեծ մասի համար սուրճն իրենց ընկերուհիների, հարեւանների հետ զրույցի բռնվելու, առօրյա հոգսերից կտրվելու պատեհ առիթ է։
Հաշվի առնելով այս ըմպելիքի օգտագործման հաճախականությունը՝ արդեն մի քանի տասնամյակ գիտնականներն ուսումնասիրում են սուրճի՝ մարդու օրգանիզմի վրա ունեցած ազդեցությունը։ Հետազոտություններից պարզ է դարձել, որ սուրճի չափավոր քանակությունը՝ օրական 2-4 գավաթը, մարդու առողջությանը որեւէ վնաս չի հասցնում, սակայն կա մեկ բացասական գործոն՝ կոֆեինային ըմպելիքի նկատմամբ շատ արագ կախվածություն է առաջանում։
Սուրճի սիրահարների համար առանց սուրճ խմելու անցկացրած 12-24 ժամն էլ բավական է, որ գլխացավ ունենան, ապակենտրոնացում, ընկճվածություն եւ այլն։
Մի շարք գիտնականներ էլ պարզել են, որ այս ըմպելիքի մոլի երկրպագուների արյան մեջ խոլեստերինը զգալիորեն բարձր է, քանի որ սուրճի հատիկներում յուղ է պարունակվում, որը կարելի է հեռացնել այն եփելու ժամանակ՝ օգտագործելով թղթե ֆիլտր, որն իր վրա է վերցնում յուղային ողջ պարունակությունը։ Սուրճի մեջ պարունակվող կոֆեինն է պատճառը, որ այն բավականին առույգացնում է, թարմացնում։
Սուրճը նաեւ միզամուղ է, ցավերը մեղմացնող եւ քունը վանող, սակայն այս ըմպելիքի չարաշահումը կարող է վնաս հասցնել։