Փաշինյանը կրկին Արցախում ապրող ժողովրդին անվանեց էթնիկ հայեր
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստը սկսեց Հաագայի միջազգային դատարանի երեկվա որոշման քաղաքական կարեւորության մասին տեքստով։
«Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի պահանջը եւ մերժել Ադրբեջանինը։ Չափազանց կարեւոր որոշում է։ Արդարադատության միջազգային դատարանը արձանագրեց, որ 2022թ․-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է։ Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ այն փակ չէ»,-ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ համաշխարհային բարձրագույն դատական ատյանն այս որոշումով արձանագրեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը։
«Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջանի պատասխանատվությունը՝ Լաչինի միջանցքի փակման համար, ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը եւ հենց Ադրբեջանին պարտավորեցրեց միջանցքը բացել։ Դատարանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը ԼՂ-ից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ։ Լաչինի միջանցքը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Ըստ էության, դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է»,-մեկնաբանեց Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի ու էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը, եւ երբ այդ ապացույցները ձեռք բերի՝ կրկին կդիմի Հաագայի դատարան։
«Նման վիճակի պատճառն այն է, որ ԼՂ-ին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում, նույնը կարելի է ասել նաեւ հոսանքի անջատման կետի մասին։ Հայաստանը բավարար ապացույցներ չի կարողացել ներկայացնել։ Այն պահին, երբ կկարողանանք բավարար ապացույցներ ձեռք բերել, նորից կդիմենք դատարանին։ Միեւնույն ժամանակ դատարանն արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետեւանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները ԼՂ-ին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին, այսպիսով հաստատելով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը»,-հավելեց նա։
Մանրամասն՝ տեսանյությում: