Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհն այդքան էլ վախենալու չէ․ Աղավնոն հնարավոր է պահել․ Հովհաննիսյան

 Նոր՝ Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհը, որը պետք է կառուցվի, այդքան էլ վատը չէ, այդքան էլ վախենալու չէ, բայց մենք դրա փոխարեն հայկական բնակավայր ենք տալիս։ Այս մասին այսօր MediaHub.am-ի տաղավարում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտնեց, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) նախկին սահմանի հատվածում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հովհաննիսյանը հիշատակեց նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը՝ նշելով, որ այն արդեն ենթադրում էր ներկայումս կատարվող իրադարձությունները։

«Իրականում, Աղավնոն հնարավոր է պահել, մենք կարող էինք նաև Բերձորը պահել, պարզապես, դիվանագիտական շատ մեծ աշխատանք էր պետք, որը չիրականացվեց և հիմա Բերձորը պետք է հանձնենք Ադրբեջանին»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհը դեռ չենք կառուցում և հարցին՝ կհասցնե՞նք մինչև հանձնումն այն կառուցել, վերջինս պատասխանեց՝ պետք է փաստել, որ ճանապարհ կառուցելը խաղ ու պար չէ և ճանապարհ կառուցելու համար և՛ ֆինանսական միջոցներ են պետք և՛ ժամանակ։

«Հայկական կողմն, ամեն դեպքում, մինչև հիմա այդ հատվածում ճանապարհ չի կառուցել։ ՀՀ և Արցախ հաղորդակցությունն արդեն բարդացված է, մենք այստեղ շատ մեծ խնդիրներ ունենք ռազմական օգնություն տրամադրելու մասով և պետք է հստակ ասեմ, որ նոր կառուցվող ճանապարհն այդքան էլ վատը չէ։ Իրականում, ամենաբարդ խնդիրը ՀՀ-ի տարածքում է՝ Սյունիքի հատվածում․ արդյոք մեր տեղաշարժն այդտեղ անվտա՞նգ է լինելու և դիտարկման տակ չի՞ լինելու»,-ընդգծեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան