Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը, Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված հանդիպում. Մամուլը՝ սուրճով

Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը, Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված հանդիպում. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ հաստատվեցին թե՛ պաշտոնական Մոսկվայի կողմից, թե՛ Բաքվի։ Մինչդեռ խաղաղապահ զորակազմի հետ կապ ունեցող արցախյան շրջանակներից տեղեկացանք, որ խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից: Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի հայաթափումից հետո երկուստեք եկել են համաձայնության, որ այլեւս չկա խաղաղապահների անհրաժեշտությունը, մանավանդ որ նրանց գործունեության համար մեծ գումարներ են ծախսվում, ուստի Լեռնային Ղարաբաղում այսուհետ կմնա 500 խաղաղապահ:

Թե ինչու բոլորը չեն հեռանում, մեր աղբյուրի կարծիքով՝ այդպիսով թե՛ ՌԴ-ն իր ազդեցությունը կպահպանի այդ տարածքում, թե՛ Ադրբեջանը հնարավորություն կստանա միջազգային հանրության առջեւ մանեւրելու, որ ինքը, այսպես կոչված, «հայ փախստականների» վերադարձի հարցը փակված չի համարում: Ինչպես նաեւ հավատարիմ է մնում նոյեմբերի 9-ի պայմանագրին, համաձայն որի՝ ռուս խաղաղապահների ժամկետն ավարտվում է 2025 թվականին։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր տեղեկություններով, ինչպես նախորդ անգամ, այս դեպքում էլ եղել է «փակ» հանդիպում, որից առաջ, մեր տեղեկություններով, հավաքել են բոլոր ներկաների բջջային հեռախոսները և հատուկ զգուշացրել, որ խոսակցությունը գաղտնի պահեն: Այդուամենայնիվ, որոշ տեղեկություններ սպրդել են:

Ի մասնավորի, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն այս անգամ ավելի մեղմ տոնով է խոսել, ասել է, թե այս պահին չորս գյուղերը հանձնելու հարց չի քննարկվում, սակայն առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, ինչին ներկաները դեմ են արտահայտվել: Ի դեպ, Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին: Մեր տեղեկություններով, մինչև հանդիպման վերջին պահը ամեն ինչ գաղտնի է պահվել. այցի մասին տեղյակ են եղել սահմանափակ թվով մարդիկ:

Ընդ որում, կան խոսակցություններ, որ օրը պատահական չի ընտրված: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի նախորդ հանդիպմանը (և ընդհանրապես) հանրության բացասական կարծիքը ներկայացրած ու հստակ շեշտադրումներ բարձրացրած՝ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը USAD-ի ծրագրով արտերկրում է, ինչի հետ կապված, մեր տեղեկություններով, Փաշինյանին հուշել են, որ հանդիպումը համեմատաբար ավելի հանգիստ կանցնի:

Հավելենք, որ այցի մասին մինչև վերջին վայրկյանները տեղյակ չի եղել ոչ միայն ոսկեպարցիների մեծ մասը, այլև ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա ասել էր. «Գող-գող գալիս- գնում են, տեղյակ չեմ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն են համարում: Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, վերջին շրջանում ՔՊ-ականների համար անվտանգային բոլոր հարցերը մի կողմ դրած՝ ԵՄ անդամակցության թեկնածության հարցը դարձել էր թիվ մեկ օրակարգ, ՔՊ գրեթե բոլոր նիստերի առաջնային հարցը սա էր: Հատուկ ԵՄ անդամակցության հարցի շուրջ քննարկում ունենալու համար Նիկոլ Փաշինյանը շաբաթը մի քանի անգամ գալիս էր ԱԺ՝ փակ հանդիպման:

Բայց, արի ու տես, ՔՊ-ականները հավանաբար գլխի են ընկել, որ սա մեկ օրվա հարց չէ ու որոշել են այս պահին առկախել դրա շուրջ քննարկումները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առկախման հիմնական պատճառն այս հարցի շուրջ ՔՊ-ում առկա տարաձայնություններն են: Չնայած ինտենսիվ հանդիպումներին՝ ՔՊ-ականներին այդպես էլ չի հաջողվել կոնսենսուսի գալ սրա շուրջ: Թիմի «Եվրոպամետ» հատվածն այն կարծիքին է, որ պետք է արագ գործել ու ամբողջ ռեսուրսը ներդնել, որ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնեն, մի մասն էլ գլխի է գցել, որ դա հեշտ բան չէ, պետք է ճիշտ գնահատել դրա հետեւանքներն ու նոր գործել: Ահա այս տարակարծությունների արդյունքում ԵՄ անդամակցության հարցը, թեեւ փակված չէ, սակայն այս պահի դրությամբ երկրորդ պլան է մղվել»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

«Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք ներկայացրել՝ գետով սահման էինք ասել, նա էլ ասավ՝ 90 տոկոսով հաշվեք՝ լուծված է... Ասավ՝ հույս կա, որ ձեր ուզածը կլինի, բայց առայժմ թղթի վրա անցկացված չի։ Սպասենք»,- ասաց երեկ Տավուշում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցին:

Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես, Բերքաբերի վերաբերյալ Ոսկեպար գյուղում Փաշինյանը հայտարարել է, թե Բերքաբերի ջրամբարից այն կողմ (Ջողազի ջրամբար) հողերը պետք է զիջեն Ադրբեջանին, իսկ Բերքաբեր գյուղում ասել է, թե` ձեր հողերը ձեզ են մնալու։

Երեկվա հանդիպումներից հետո տավուշցիները փոքր-ինչ հանդարտվել էին, բայց այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին: