Բա չէ, դրել ենք, որ եկեղեցուն դեմ գնանք․ Սիսիանի քաղաքապետը՝ վիշապի արձանի մասին

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կանաչ վիշապի արձան են տեղադրել։ Բնակիչների մի մասը սրանից ուրախանում է, մյուսն էլ՝ քննադատում, թե կռապաշտական քայլ է։ Արմեն կիսասարկավագ Հարեյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մեզ քրիստոնյա համարելով ու նման կուռքեր ստեղծելու պատճառով՝ պատերազմներ են լինում։
«Այս տեսակի կռապաշտության պատճառով սուր է գալիս ազգերի վրա (Ղևտ․ 26։25): Այնտեղից, որտեղից վերցրել եմ այս նկարը, քոմենթներ կան ու մարդիկ ասում են՝ թող կանաչ վիշապը մեզ խաղաղություն բերի։ Հա՞, լու՞րջ։ Ժողովուրդ, դուք ձեր երեխաներին մկրտում եք հանուն Քրիստոսի, հանուն Սբ․ Երրորդության ու կանաչ վիշապից եք խաղաղություն ակնկալո՞ւմ»,- գրել է Հարեյանը։
MediaHub-ի հետ զրույցում Սիսանի քաղաքապետ Արմեն Հակոբջանյանը նշեց, որ սիսիանցիներից որևէ բողոք չի լսել.
«Ի՞նչ կռապաշտության մասին է խոսքը, այսինքն, եթե այդ վիշապով երեխաները սխալ հոգևոր սնունդ եմ ստանալու, ապա բոլոր խանութներից հավաքեք վիշապի խաղալիքները։ Նպատակը երեխաներին ուրախացնելն է, բա չէ, դրել ենք, որ եկեղեցուն հակառակ գնանք։ Ես նոր եմ իմանում, որ դա եկեղեցուն դեմ է։ Ասում են՝ «վիշապը հանի, եկեղեցուն դեմ է», բայց էնտեղ «Ну, погоди»-ի գայլն ա դրած, խոզուկ կա դրած, թզուկ կա, կռիս կա, ի՞նչ տարբերություն, չեմ հասկանում։ Կենդանին կենդանի ա, երեխեքը գալիս նկարվում են, ուրախանում, գնում»,- ասաց Հակոբջանյանը։
Քաղաքապետի խոսքով՝ հունվարի 13-ին հանելու են այդ արձանը, երբ տոնածառը հավաքեն, վիշապին էլ կհեռացնեն։
Լիաննա Թորոսյան