Լաչինի միջանցքը բացված չէ․ ադրբեջանական լրատվամիջոցները ստում են

Լաչինի միջանցքը բացված չէ․ ադրբեջանական լրատվամիջոցները ստում են

Ադրբեջանական մամուլը տարածում է, թե Լաչինի միջանցքը բացել են, ըստ էության, մանիպուլացնելով հանրությանը։

Վերջիններս հայտարարել էին, թե բացել են հումանիտար միջանցք և ռուս խաղաղապահների մեքենաները Լաչինի ճանապարհով կարողացել են անարգել անցնել։

Սակայն MediaHub.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը փոխանցեց, որ կան տեղեկություններ, թե միայն ռուս խաղաղապահների բեռնատար մեքենա են թողել, որ անցնի։ 

«Իրենց տարածած մյուս տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Հնարավոր է, որ իրենք բացելու են ճանապարհը և իրենց ձեռագիրը հասկանալով կարծում եմ, որ հետո ասելու են՝ բայց ո՞վ է ասել, որ մենք փակել էինք ճանապարհը»,-ասաց նա։

Հարցին, թե հայկական մեքենաներ անցե՞լ են միրջանցքով, վերջինս պատասխանեց՝ ոչ։

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ ադրբեջանցի, իբրև թե, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:

Լիաննա Թորոսյան