Արա Բաբլոյանն օգնում է Արցախի պետնախարարին`բարեփոխել առողջապահության համակարգը. «ՀՐԱՊԱՐԱԿ»

Արա Բաբլոյանն օգնում է Արցախի պետնախարարին`բարեփոխել առողջապահության համակարգը. «ՀՐԱՊԱՐԱԿ»

«Հրապարակը» գրում է

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, առողջապահության նախկին նախարար, այժմ՝ «Արաբկիր» ԲԿ ղեկավար Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով։ Պարոն Բաբլոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ամբողջ կյանքում Արցախի հետ աշխատել է, եւ երբ ԱՀ պետնախարարի կողմից առաջարկ է եղել՝ առողջապահության գծով խորհրդական աշխատել, ինքը շնորհակալություն է հայտնել, ասել, որ իր համար պատիվ է Արցախի համար աշխատելը, եւ ընդունել է առաջարկը։

- Իսկ ինչպե՞ս եք համատեղելու Ձեր այստեղի աշխատանքը Արցախի պետնախարարի խորհրդականի աշխատանքի հետ՝ հեռակա՞ կարգով, թե՞ նաեւ Արցախ այցելելով։

- Ե՛վ հեռակա, ե՛ւ այցելելով։ Ամեն դեպքում, առաջիկա մեկ ամսվա մեջ երկու անգամ Արցախ այցելելու ծրագիր ունեմ։

- Ի՞նչ եք կարծում՝ Արցախն այսօր ինչի՞ կարիք ունի։

- Արցախի կարիքների մասին եթե պատմեմ, կարող է պատահի՝ մի քանի օր եւ մի քանի էջ պետք լինի, որ լրացնեք։ Դրա համար ես ուղղակի ավելի հակիրճ կարող եմ ասել, որ իմ անելիքն այն է լինելու, որ օգնեմ՝ առողջապահության համակարգում կարողանանք բարեփոխումներ իրականացնել: Հիմա շատ մեծ խումբ՝ պետնախարարի ղեկավարության ներքո, աշխատում է ռազմավարության վրա, մոտ մեկ ամիս անց պետք է ռազմավարությունը հաստատվի, դրա համար էլ հիմա ինտենսիվ աշխատանք է գնում։ Ե՛վ Արցախից, ե՛ւ Հայաստանից, ե՛ւ սփյուռքից մասնագետներ ընդգրկված են այդ ռազմավարության մշակման մեջ։

- Իսկ Արցախի ապագայի եւ ճակատագրի վերաբերյալ այսօրվա զարգացումները Ձեզ որքանո՞վ են մտահոգում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն բացառում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանն էլ պահանջում է, որ Արցախը պետք է լինի իր կազմում՝ չունենալով ինքնորոշում եւ ինքնուրույնություն։

- Տեսեք, ես քաղաքականապես էդ հարցին չեմ պատասխանի, ես կպատասխանեմ որպես քաղաքացի, որպես բժիշկ։ Ես համարում եմ, որ ես պարտավոր եմ աշխատել Արցախի հետ եւ Արցախի համար։ 

- Որպես բժիշկ՝ ի՞նչ կարող եք ասել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած այն որոշման մասին, որ բուժհաստատություններում վճարումներն անկանխիկ են իրականացվում։ Դուք սրան ինչպե՞ս եք վերաբերվում, եւ արդյոք խնդիրներ առաջացնո՞ւմ է այս որոշումը։

- Որոշ խնդիրներ կան, բայց ես երջանիկ եմ, որ նման որոշում է ընդունվել, որ բոլոր վճարումները լինեն օրինական, որ ոչ մի ապօրինի վճարում չլինի, ամբողջ աշխատանքը լինի թափանցիկ, եւ վերջապես դրամարկղը դառնա լրիվ սպիտակ։ 

- Իսկ ի՞նչ դժվարություններ են առաջանում։

- Դե, դժվարությունն այն է, որ կան մարդիկ, որ դեռ քարտ չունեն, կան մարդիկ, որ գալիս են ու կանխիկը պետք է մտցնեն էդ սարքերի մեջ, բայց էդ ամեն ինչը առնվազն արդեն «Արաբկիր» ԲԿ-ում կարգավորված է։ 

- Չե՞ք կարծում, որ պետք էր տեխնիկապես կարգավորել, հետո անցնել անկանխիկի, որովհետեւ մարդիկ գյուղերից, ասենք, իրենց վերջին անասունը ծախում են ու կանխիկ գումարով գալիս Երեւան՝ բժշկի։

- Իհարկե, կան որոշ դժվարություններ, բայց գլոբալ առումով ես գտնում եմ, որ դա շատ լավ է, երբ որ ամեն ինչ գեղեցիկ, առանց որեւիցե մի աջ ու ձախ անելու․․․ Ստիպված պետք է հստակ երեւա՝ որն է պետպատվեր, որն ուղեգրով է մտնում հիվանդանոց, որն է վճարովի։ Եվ եթե վճարովի է, ապա ինչպե՞ս է դա վճարվում հիվանդանոցին, ոչ թե կեսը՝ գրպանով, կեսը՝ կասսայով։

- Բայց Ձեր հիվանդանոցում նման բան լինո՞ւմ էր։

- Ես Ձեզ օրինակ եմ բերում, որ դա կանխարգելում է բոլոր տեսակի թերությունները կանխիկով գործարքների։

- Իսկ այսօր առողջապահության նախարարության վարած քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում, խնդիրներ տեսնո՞ւմ եք եւ արդյոք բարձրաձայնո՞ւմ եք դրանց մասին։

- Խնդիրներ միշտ կան, ու միշտ պետք է բարձրաձայնել եւ խոսել։ Դրա համար, եթե մենք ունենում ենք խնդիր, իրենց հետ էդ հարցերը բարձրացնում ենք ու քննարկում։ 

- Նախարարի հետ ուղիղ կապի մեջ լինո՞ւմ եք այդ հարցերով։

- Այո։

- Այսօր շատ է խոսվում առողջապահության ապահովագրության մասին, որ միայն ապահովագրությունը կլուծի առկա խնդիրները։ Դուք այս մասով ի՞նչ մոտեցում ունեք։

- Ես շատ մեծ հարցազրույց եմ տվել ապահովագրության մասին եւ ասել եմ, որ կողմնակից եմ, որ լինի ապահովագրություն էն հատվածի համար, որը պետական բյուջեն չի փակում։ Որպես մասնագետ՝ ես կողմ եմ դրան, բայց այն պետք է լինի շատ ավելի հստակ, մոտեցումներս էլ բացատրել եմ։

- Իսկ նախարարությունը, կառավարությունը ընդունո՞ւմ են Ձեր մոտեցումները։

- Ամեն դեպքում, իմ այդ հարցազրույցը նախարարությունն իր կայքում կախել է։

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում