Հայրս քաղաքականությամբ չի զբաղվում․ ինձ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին քննարկում չի եղել․ Միսակ Բալասանյան

Հայրս քաղաքականությամբ չի զբաղվում․ ինձ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին քննարկում չի եղել․ Միսակ Բալասանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-«Բալասանյան» դաշինք կոալիցիան Գյումրիում խզելուց հետո քաղաքական ուժերի հարաբերությունները լարվել են։ 

Մամուլը գրել էր, թե «Բալասանյան» դաշինքի առաջնորդ Սամվել Բալասանյանի ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին էլ իշխանություններն ուզում են հետ կանչել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։

MediaHub-ի հետ զրույցում Միսակ Բալասանյանը նշեց, որ այս պահին նման քննարկում չկա։ 
«Երբ լինի պաշտոնապես կհայտարարվի»,- ասաց նա։ 

Հարցին՝ վերջինս այս թեման կապում է Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած ընդհարումների հետ, որից հետո խզվեց հոր առաջնորդած դաշինքի և իշխանության կոալիցիան, վերջինս պատասխանեց․ «Երկու տարի աշխատանք է կատարվել և բավականին բուռն են աշխատել, սա իմ գնահատականն է, և սրանով կարող եմ սահմանափակել հարցի պատասխանը»:

«Մնացածը քաղաքականություն է, որի մասին պետք է հարցնեք քաղաքականությամբ զբաղվող մարդկանց։ Հայրս հիմա քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականությամբ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության թիմն է զբաղվում»,- ամփոփեց նա։ 

Հիշեցնենք, Միսակ Բալասանյանն այս տարի ամռանն է նշանակվել Իրաքում ՀՀ դեսպան։ MediaHub-ին իշխանությունից վստահեցրին, որ Միսակ Բալասանյանն այնպես չէ, որ լավ չէր աշխատել, բայց վերջինիս հետ կանչելու որոշումը կայացրել են Գյումրու քաղաքապետարանում առաջացած խնդիրներից հետո․ համատեղ աշխատել չի ստացվել։

Լիաննա Թորոսյան