Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են, Անդրանիկ Քոչարյանը փորձում է ապացուցել, որ «խառնակիչ» չէ. Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» թերթը գրում է. ««Ինչպես պարզվում է Աննա Հակոբյանը ունի պարտքեր եւ Դատական ակտերի հարկադիր կատարողները փնտրում են այն ճանապարհը, որով կարող են բռնագանձել Աննա Հակոբյանից պետության հանդեպ գոյացած պարտքերը:
Հետախուզում է հայտարարվել Աննա Հակոբյանի երեք ավտոմեքենաների նկատմամբ: Մասնավորապես նրան պատականող` 2004 թվականիր արտադրության ՎԱԶ մակնիշի, 2006 թվականի արտադրության Ռենո, եւ 2008 թվականի արտադրության Նիսսան մակնիշի ավտոմեքենաները հետախուզվում են:
Պարզվում է Աննա Հակոբյանը պարտքը կազմում է 157345.20 դրամ, որից ՊԵԿ-ին` 96 հազ. դրամ, քաղաքապետարանին 46 հազ. դրամ եւ ճանապարհային ոստիկանությանը 15հազ. դրամ:
Զարմանալի է, որ մինչեւ հիմա Աննա Հակոբյանը չի մարել իր պարտավորությունները պետության հանդեպ: Այն դեպքում, որ իր բոլոր պարտավորությունները ավելի էժան արժեն, քան իր ձեռքի պայուսակի մի կոճակը:
Այստեղ կարելի է նաեւ հարց տալ Նիկոլ Փաշինյանին, որը օր ու գիշեր խոսում է քաղաքացիների կողմից պետության հանդեպ հարկեր եւ տուրքեր տալու անհրաժեշտության վերաբերյալ: Բա ինչպե՞ս հասկանալ, որ ուրիշներից մինչեւ վերջին կոպեկ քերթող Նիկոլը աչք է փակում Աննա Հակոբյանի պարտքերի վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, որը կլոր տարին զբաղված է թիմում խարդավանքներ հյուսելով, իր թիմակիցներին վարկաբեկելով, հիմա փորձում է պարզերես անել իրեն ու, ինչպես թիմակիցներն են բնութագրում, լրիվ այլ մարդ երեւալ:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ թիմակիցներին պիտակավորելու, վարկաբեկելու, մեկին կաշառակերության համար մեղադրելու, մյուսին էլ «դեղ ցրող» պիտակավորելու համար ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին որոշել են պատժել՝ ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելով:
Հարցը այն կարեւորությունն է ստացել, որ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանին «բերման» է ենթարկել ՔՊ վարչություն ու ստիպել ներողություն խնդրել պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանից եւ իր աներորդի Հրաչյա Հակոբյանից, որոնց Քոչարյանը վատաբանել էր՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով՝ «գործարարի դեղ ցրողներ»:
Հիմա իր՝ մազից կախված պաշտոնը փրկելու համար Անդրանիկ Քոչարյանը փորձում է սիրաշահել բոլորին, վերականգնել հարաբերությունները թիմակիցների հետ, անգամ նրանց իր սենյակ է կանչում, զրուցում, որպեսզի ցույց տա, թե իր մասին թյուր կարծիք են ձեւավորել, իսկ իրականում ինքն ամենեւին «խառնակիչ» չէ, ինչպես բնորոշում են իրեն թիմում:
Չնայած Քոչարյանի ջանքերին՝ ՔՊ-ականները պատմում են, որ ամենեւին էլ չեն հավատում նրան. Անդրանիկ Քոչարյանը նույնն է ու փոխվողը չէ:
Մեր տեղեկություններով՝ այն բանից հետո, ինչ Քոչարյանը հրապարակավ ներողություն է խնդրել Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից, Քոչարյանից վիրավորված մյուս ՔՊ-ականները եւս դիմել են Փաշինյանին ու ասել՝ իրենք եւս սպասում են ներողության: Բայց Քոչարյանը ներողությունը դեռ չի խնդրել»:
«Հրապարակը» գրում է․ Չնայած իշխող խմբակցությունում ստվար զանգված պայքարում էր, որ Եվրաքվեի հեղինակած նախագծի ընդունումը խորհրդարանի կողմից հետաձգվի, որպեսզի իշխանությունները վերջնականապես ծանրութեթեւ անեն ռիսկերը, սակայն Նիկոլ Փաշինյանն անդրդվելի է եւ նախագիծը ընդգրկվել է փետրվարի 11-ին մեկնարկող հերթկան նիստերի օրակարգում: Իսկ շաբաթվա վերջին, կամ երուշաբթի էլ ՔՊ–ում սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը, երբ վարչապետը ինստրուկտաժ կանի ուսապարկերին, թե հրապարակային ինչ հայտարարություներով պետք է արդարացնեն գործընթացը, ինչ խոսեն և այլն:
Բանն այն է, որ ՔՊ–ում մտահոգություններ կան, որ Հայաստանը` ԵՄ–ին անդամակցելու հայտի մասին նախագծի ընդունումից հետո տնտեսական լրջագույն խնդիրներ է ունենալու` ՌԴ-ն կարող է դնել մինչեւ անգամ Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռացնելու հարցը, ինչը կարող է ծանր հարված հասցնել ՀՀ տնտեսությանը: Այս մասին ամիսներ առաջ ՔՊ-ն փակ ֆորմատով պարբերական քննարկումներ է ունեցել Փաշինյանի եւ կառավարության այլ ներկայացուցիչների հետ, եւ ռիսկերը գնահատելով որոշել են ԵՄ անդամության հայտի մասին առայժմ մոռանալ։ Սակայն շատերի համար անակնկալ կերպով Փաշինյանը միանձնյա որոշումով կանաչ լույս վառեց ԵՄ գնալու ճանապարհի առաջ, չնայած որ մինչ այդ հայտարարում էր, թե մեզ այնտեղ չեն սպասում։
Իսկ ասուլիսում էլ իր վտանգավոր որոշումը գցեց ժողովրդի գրպանը, թե ընդառաջ են գնացել հազարավոր քաղաքացիների ցանկությանը, որոնք ստորագրահավաքով տվել են համաձայնություն, որ Հայաստանը բռնի եվրոպականացման ուղին։