Հայաստանում դարձյալ հեղուկ գազի դեֆիցիտ է․ ինչո՞ւ է կանգնել ՌԴ-ից հեղուկ գազի ներկրումը

Հայաստանում դարձյալ հեղուկ գազի դեֆիցիտ է առաջացել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հեղուկ գազի գինը բարձրանում է, այս պահին լցակայաններում 220 դրամով է վաճառվում։ Մեզ ասացին՝ պատճառը դեֆիցիտն է, քանի որ մի քանի օր է՝ հեղուկ գազ կամ չի մտնում Հայաստան, կամ մեծ դժվարությամբ է մտնում։
Վերին Լարսի անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Mediahub-ի հետ զրույցում ասաց, որ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։
«Խնդիրն այն է, որ նոյեմբերի 19-ից Վրաստանի Գուդաուրի-Կոբի հատվածում՝ Խաչի լեռնանցքում, առատ ձյան տեղումներ էին սկսվել, և մի քանի օրով ճանապարհը փակ էր։ Ճանապարհը մեկ-երկու օրով բացվեց, և ամսի 26-ին կրկին ձյան տեղումների պատճառով փակվեց, այս պահին դեռ չի փակվել բեռնատարների համար։ Այսինքն՝ ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հնարավոր լինի բեռնատարների համար անվտանգ երթևեկել այդ ճանապարհով։ Հիմա տեսեք՝ խնդիրը որտեղից է առաջանում․ պատկերացրեք՝ էն բեռնատարները, որոնք պետք է գան Ռուսաստան, բարձվեն և հեղուկ գազ բերեն Հայաստան, էդ մեքենաները ֆիզիկապես ունակ չեն լինում փակ ճանապարհների պայմաններում հասնեն Ռուսաստան՝ բարձվելու և վերադառնալու համար։
Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանում բարձված մեքենաներին, որոնք արդեն հետ են ուղևորվում Հայաստան։ Եւ նախորդ տարի մենք ունեցել ենք նման խնդիր, որ ճանապարհների փակ լինելու պատճառով հեղուկ գազը այն ինտենսիվությամբ, որով պետք է մատակարարվեր Հայաստանին, չէր հասցնում մատակարարվել, և արդյունքում առաջանում էր հեղուկ գազի դեֆիցիտ, և գինը սկսում էր բարձրանալ։ Հիմա ես մտավախություն ունեմ, որ այս փակ ճանապարհների պայմաններում հնարավոր է՝ նորից նույն խնդրի առաջ կանգնենք»,-ասաց Վահան Հակոբյանը։
-Այսինքն՝ այս պահին ի՞նչ իրավիճակ ունենք, մեր մեքենաները դատարկ վիճակում դեռ չեն կարողացել հասնել Ռուսաստան, թե՞ հասել են, բարձվել են հեղուկ գազով, բայց փակ ճանապարհների պատճառով չեն կարողանում վերադառնալ Հայաստան։
-Քանի որ ճանապարհը հիմա փակ է, այն մեքենաները, որոնք մինչև ճանապարհը փակվելը հասցրել են այդ հատվածը անցնել, դրանք հասել են Լարս, ու Լարսից անցել են արդեն լիցքավորվելու։ Լիցքավորվել են և սպասում են, որ հետ վերադառնան։ Իսկ մյուս մասն արդեն սպասում է Վրաստանի տարածքում, որ ճանապարհը բացվի, կարողանան հասնեն Ռուսաստան, լիցքավորվեն ու վերադառնան։
-Այսինքն՝ կարո՞ղ ենք վստահ լինել, որ միայն փակ ճանապարհն է պատճառը, որ հեղուկ գազ չի գալիս Հայաստան, այլ պատճառ չկա։
-Եթե վառելիքի հետ կապված արդեն խնդիր կա, պատճառը միայն դա կարող է լինել։ Որովհետև դրա մասին տեղեկատվությունը ես կրկին լսել էի մինչև Ձեր ասելը։ Եվ մեր ՌԴ մաքսային ծառայության գործընկերների հետ պարզաբանել եմ այդ խնդիրը։ Ինձ հավաստիացրել են, որ ռուսական գազի արտահանման հետ կապված այս պահին ոչ մի սահմանափակում չկա։
Վահե Մակարյան