Ընդդիմությունը խանգարում է թուրքերի և Նիկոլ Փաշինյանի «սիլի-բիլիին»․ Արթուր Խաչատրյան

Ալիևն ու Փաշինյանը համահունչ են խոսում, երկուսն էլ ասում են՝ որևէ երաշխիք չկա, որ Հայաստանը խաղաղության դարաշրջանին կհասնի։ Փաշինյանը փորձում է ժողովրդին շանտաժի ենթարկել՝ եթե մենք չգնանք խաղաղության ճանապարհով, ապա կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև` Հայաստանը, բայց այդ ճանապարհն էլ ռիսկային է։ Ստացվում է՝ մենք զիջման գնալու ենք, Ղարաբաղը կորցնելու ենք։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի իր գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Հայաստանում որոշ շրջանակներ չեն ցանկանում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, և ճնշում են գործադրում Երևանի վրա, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում: Խաչատրյանը նշեց, որ Չավուշօղլուն խոսել է հայաստանյան ընդդիմության մասին։

«Չավուշօղլուի խոսքով՝ մենք խանգարում ենք թուրքերի և Փաշինյանի «սիլի-բիլիին»»,-ասաց նա։

Խորհրդարան վերադառնալու մասին պատգամավորը նշեց, որ բազմիցս են կրկնել՝ ԱԺ կվերադառնան միայն իրենց օրակարգով։

«Այն իրավիճակը, որը ստեղծվել է ԱԺ-ում, պատասխանատու է միայն իշխանությունը, նրանք մեր բոլոր օրենսդրական նախաձեռնությունները սպանում են հանձնաժողովների մակարդակով։ Իշխանությունը չի թողնում, որ մեր օրենսդրական նախաձեռնությունները հասնեն ԱԺ լիագումար նիստ»,-նշեց Խաչատրյանը և օրինակներով ներկայացրեց, թե, առհասարակ, ինչ կարևոր հարցեր են անտեսվել իշխանության կողմից։

«Այն մարդիկ, որոնք ասում են՝ նստենք, իշխանության հետ հավասարը-հավասարի պես խոսեք, նրանք չեն ուզում տեսնել, որ այս իշխանությունը ստեղծել է խոհրդարանական ճգնաժամի նախահիմքերը, երբ ընդդիմությունը տեսնում է, որ խորհրդարանում ոչինչ չի կարողանում անել՝ հետ է քաշվում փողոց, բայց ասում, որ կվերադառնանք՝ մեր օրակարգով։ Իշխանությունը կոնտակտի չի գալիս»,-ընդգծեց պատգամավորը։

Աղավնոն, Բերձորը, Սուսը զիջելու մասին խոսելիս` Խաչատրյանը նշեց, որ չկա որևէ փաստաթուղթ, որտեղ ասվում է՝ Աղավնոն, Բերձորը և Սուսը պետք է հանձնվի թշնամուն։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ գտնվում են փաստաթղթի սրոտագրման պահին։ Ինքն ասում էր՝ սա եղել է բանավոր համաձայնություն, վստահեցնում եմ՝ փաստաթուղթ է եղել, ես դա տեսել եմ, չեմ կարող ասել, թե ինչ է գրված, բայց տեսել եմ»,-ասաց նա և հավելեց, որ անգամ այս պայմանավորվածությունը չի պահվել Ադրբեջանի կողմից։

Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարեց՝ նշված համայնքերի բնակիչները բնակարաններով կապահովվեն, վերջինս արձագանքեց․

«Կլինի՞ մենք նրան նոր տուն տանք, ինքը գնա 3-րդ մասի տանը ապրի, որովհետև Կոնդի առանձնատանը ապրելով՝ ինքը միայն մարդկանց տներ է քանդում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան