Քրիստինե Դումանյան․ ո՞վ է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն դառնալ հավակնող կինը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում․ նա՛խ. ֆիզիկայի ուսուցչին ԱԱԾ-ի կողմից բռնի ուժով բերման ենթարկելը, հիմա էլ տնօրենի ԺՊ նշանակման հարցը։
Ինչ է կատարվում, այսպես․ դպրոցն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որն այս պահին առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի ներկայանում։ MediaHub-ի տեղեկություններով, որ հաստատվեցին նաև դպրոցի ուսուցիչների կողմից, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը բավականին սիրված ուսուցիչ է, և կոլեկտիվում հենց նրան են տեսնում տնօրենի պաշտոնում։ Բայց, չգիտես ինչու, որոշվել է, որ դպրոցն այլ տնօրենի ԺՊ պետք է ունենա։
Շաբաթ օրը գիշերն են ուսուցիչները համացանցից տեղեկացել, որ նման հարց կա, և որ իրենց դպրոցում հնարավոր է կադրային փոփոխություններ լինեն։
Ո՞վ է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նոր թեկնածուն, ինչո՞ւ է հենց նա ընտրվել ու ներկայացվել, ոչ ոք չգիտի։
Դպրոցում, որի ամեն դասարանում 3-4 հատուկ կարիք ունեցող աշակերտ կա, ուսուցիչները դժվարությամբ են ընդունում այս հանգամանքը, քանի որ ամեն փոփոխություն խնդիր է դառնալու նա՛խ ներառական երեխաների համար։ Ինչևէ, ո՞ւմ է հետաքրքիր երեխայի լավագույն շահը․ կա նոր թեկնածու, կա որոշում, վերջակետ։
Մեր տեղեկություններով՝ դպրոցի տնօրենի ԺՊ դառնալու համար ներկայացվել է Քրիստինե Դումանյանի թեկնածությունը, որը դեռ չի էլ ներկայացել դպրոց, եթե անգամ ներկայացել է, ապա շատ ծածուկ, այնպես, որ ոչ մի ուսուցիչ չի նկատել։ Դումանյանի ամուսինը, մեր տեղեկություններով, ուժային կառույցում պաշտոն զբաղեցնող անձ է:
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե Քրիստինե Դումանյանը ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանի ազգականն է, սակայն մենք ճշտեցինք, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։
Ավելին, մեր տեղեկություններով՝ նախկինում ևս Դումանյանը հավակնել է երաժշտական դպրոցներից մեկի տնօրենի պաշտոնին, և մրցութային կարգով հաղթել է։ Սակայն նախկին տնօրենը, որին ապօրինի կերպով ազատել էին պաշտոնից, վիճարկել է իր ազատման հրամանը դատարանում, և դատը հաղթել է։ Ամիսներ անց հրապարակվել է դատարանի որոշումը, այդ ժամանակ ԿԳՄՍ նախարարն արդեն Վահրամ Դումանյանն էր, և վերջինս կատարել է դատարանի վճիռը՝ երաժշտական դպրոցի ընտրված տնօրեն Քրիստինե Դումանյանին ազատելով պաշտոնից և նրա փոխարեն նշանակելով նախկին տնօրենին։ Դրանից հետո Քրիստինե Դումանյանին առաջարկվել է այլ դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոն, սակայն նա երաշխիք է ուզել, որ ընտրությունից հետո ևս ինքը կմնա այդ դպրոցում տնօրեն: Սակայն, նախարարությունն այդ երաշխիքը նրան չի տվել։
Նարե Գնունի