Օրենքը դարձել է՝ «ես սենց եմ ուզում» վիճակ․ Մանվել Գրիգորյանի գործով վճիռը բողոքարկվելու է 

Օրենքը դարձել է՝ «ես սենց եմ ուզում» վիճակ․ Մանվել Գրիգորյանի գործով վճիռը բողոքարկվելու է 

Քիչ առաջ ԲԴԽ-ն հայտնեց, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի՝ վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում․ Ամիրյանից էլ կբռնագանձվի շուրջ 101 միլիոն 200 հազար ՀՀ դրամ։ 

MediaHub-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ որոշումը բողոքարկելու են, քանի որ ըստ նրա՝ որոշումը որևէ կերպ Սահմանադրության ու օրենքների հետ կապ չունի։

«Կասկած չունենան, որ բողոքարկելու ենք որոշումը։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ գումարի բռնագանձումն էլ ձևականություն է, թե տեսեք՝ «դաժան չենք գտնվել», բայց դաժանությունը մարդկանց անունն է։ Մեղադրական եզրակացությունը գործի նյութերի հետ կապ չունի։ Դատարանը Մանվել Գրիգորյանին դատում է, բայց մի այլ կազմակերպություն, որը որևէ կապ չունի գործի հետ, իր գույքի նկատմամբ բռնագանձման որոշում է կայացվում․ նման պրակտիկա չկա։ Գիտեմ, որ շոուն շարունակվելու է, բայց սպասում եմ, տեսնեմ, թե ինչ փորձանք է գալու երկրի գլխին այդ շոուների արդյունքում։ Պետության մեջ օրենքը դարձել է «ես սենց եմ ուզում» վիճակի»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ըստ որոշման՝ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։

Դատարանի որոշմամբ այս գործով տուժողի իրավահաջորդ Հ. Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։ Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ հարյուր մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը:

Լիաննա Թորոսյան