Խոշոր հրդեհ՝ Վանաձորում. մինչ հրշեջները պայքարում էին հրդեհի դեմ, «Զազո» կովը գոմում ծնեց «Զիզի» հորթուկին

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գոծերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում՝ տներից մեկի բակում, անասնակեր է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնձորուտ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 17 տան բնակչին պատկանող մոտ 4100 հակ պահեստավորված անասնակերում:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:00-ին, և մարվել այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:10-ին:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն քաղաքացին կրել է մի քանի միլիոնի վնաս:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տուժած քաղաքացու հարևաններն ասում էին.
«Ճիշտն ասած՝ դեռ չգիտենք, թե ինչից է առաջացել կրակը: Բայց լավ էր՝ մինչև հրշեջների ժամանումը տուժածն իր հարազատներով, մենք էլ՝ իրենց հետ, փորձում էինք կանխել կրակի տարածումը: Հետո հրշեջներն եկան ու սկսեցինք համատեղ դրա դեմն առնել: Կարողացանք ծխահարումից փրկել խոշոր եղջերավոր անասուններին, ու մինչև հրշեջները կրակի դեմ էին պայքարում, գոմում «Զազո» կովը հորթուկ ծնեց ու նախօրոք որոշվել էր, որ հորթուկի անունը դնելու ենք «Զիզի»: Լոռու մարզում էլ հայտնի անասաբույժ Մալխասը, ով նախկինում իրավապահ համակարգի աշխատակից է եղել, զննելով հորթուկին, ասաց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում և իր օգնական ղասաբ Մարտինի հետ խորհուրդներ տվեց, թե 2-3 օր ինչ պայմաններում պահեն «Զիզի» հորթուկին»: