Տիգրան Արզաքանցյանը հարցաքննվել է

«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանն այսօր ՀՀ Քննչական կոմիտեում էր։ MediaHub-ի տեղեկություններով՝ վերջինս հարցաքննվել է «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ում կատարված գողության մասով։
ՀՀ ՔԿ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Արզաքանցյանը ներկայացրել է բոլոր կասկածները, անուններ է նշել։
Արզաքանցյանը նշել է, որ գողություն կատարողը հանքարդյունաբերական ոլորտի հետ կապ ունեցող է, քանի որ գողոնը եղել է տեխնիկա, տարբեր տեսակի շարժիչներ։
Վնասի չափը դեռ հստակ չէ, դեռ հաշվարկներ են իրականացվում։ Նախնական տեղեկություններով՝ վնասի չափը չի հասնում 100 մլն դոլարի։
Գործիչը քննիչներից խնդրել է պարզել դեպքի բոլոր հանգամանքները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին հայտնի դարձավ, որ թալանել են «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին պատկանող գործարանը։ «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի պատասխանատուն էր ահազանգել Ոստիկանություն։ Այդ ընթացքում Արզաքանցյանը ՀՀ-ում չի եղել։
Լիաննա Թորոսյան