Քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության, Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում․ Մամուլը ՝ սուրճով

Քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության, Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում․ Մամուլը ՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն գտել է Գյումրիում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման տարբերակը։

Արդեն տեւական ժամանակ է՝ Գյումրիում անիշխանություն է. քաղաքական ճնշման արդյունքում համայնքապետ Վարդգես Սամսոնյանի տված հրաժարականից հետո Հայաստանի երկրորդ քաղաքը ղեկավար չունի։ ՔՊ-ն ստիպված է նոր ընտրությունների գնալ Գյումրիում, սակայն այստեղ էլ խնդիրներ կան։ Բանն այն է, որ ընտրությունների կազմակերպումը, ըստ էության, առանց գործող համայնքապետի, հնարավոր չէ։

Օրինակ՝ ՏԻՄ մասին օրենքում հստակ սահմանվում է, որ նախընտրական փուլում, ԸՕ-ի սահմանված կարգով, համայնքապետն է որոշում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերը, ապահովում է տեղամասային կենտրոնում բնականոն քվեարկության համար անհրաժեշտ կահավորումը կամ վերացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները։ Ստացվում է, եթե անգամ ընտրությունների օր նշանակվի, համայնքը ղեկավար չունի, որպեսզի այս գործառույթներն իրականացնի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն վարչության նիստում երկար փնտրտուքներից հետո «գտել» է խնդրի լուծման բանալին. փոփոխություններ կարվեն ՏԻՄ մասին օրենքում, որպեսզի խոչընդոտները վերացվեն ու կարողանան նոր ընտրություններ անել եւ իշխանություն վերցնել Գյումրիում։

Իսկ թե ինչ փոփոխություններ կանեն օրենքում՝ դրա վերաբերյալ ՔՊ-ականները դեռ իրավաբանների հետ քննարկումներ են անցկացնում։ Պետք է լինի օրենք՝ Գյումրիում «ՔՊ հաղթանակն ապահովելու մասին»»:

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական երեսփոխանները երեկ բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու եւ նախկին թալանչիներին քննադատելու արդեն ձանձրալի դարձած արարողության․ ով չէր ալարում, մոտենում էր ամբիոնին եւ, բռնանալով մայրենիի վրա, քծնում էր Նիկոլ Փաշինյանին։ Նրանց թվում էր սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը նախկին ԲՀԿ-ական է, բայց իշխանափոխությունից հետո արագ ճամբարափոխ եղավ:

Երեկ նա բյուջեին նվիրված իր ելույթում ասաց. «Աստված ոչ անի, եթե պատերազմ սկսվի, ամենայն ազնվությամբ, ես իմ ընտանիքը պետք է վերցնեմ, գնամ այնտեղ, որովհետեւ միակ անվտանգ տեղը հենակետն է: Այդպիսի հզոր հենակետեր են կառուցվում այսօր: Տարբերությունն ակնհայտ է»։

Պատգամավորն այնքան ելույթ չէր ունեցել ամբիոնից, որ ակնհայտ դիսկոմֆորտի մեջ էր եւ մի կերպ էր բառերն իրար կապակցում, ինչը «մե խինդ, մե ուրախություն» էր առաջացրել պատգամավորական շարքերում եւ կառավարական օթյակում, անգամ Նիկոլ Փաշինյանն էր քթի տակ քմծիծաղում։

Համբարձումյանի ելույթից հետո մենք հարցրինք՝ փաստորեն, այնքան անվտանգ եք կահավորում մեր հենակետերը, որ անգամ ադրբեջանցիներին եք գայթակղել` եկել են, երկու տարուց ավելի մնացել Ջերմուկի, Սեւ լճի դիրքերում: Պատգամավորը ոլորեց աչքերն ու հորդորեց հարցերը գրավոր ուղարկել իրեն: Ինչո՞ւ գրավոր, բանավոր խոսքի հետ խնդի՞ր ունեք։ «Ինչպես տեսաք՝ չունեմ»,- իր ելույթից գոհ՝ հայտարարեց ՔՊ-ականը»:

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը։ Հիշեցնենք, որ Պետրակովի հեռացումից հետո մեր հավաքականը փաստացի գլխավոր մարզիչ չունի և առաջիկա երկու հանդիպումներն անցկացնելու է, այսպես կոչված, «մարզչական շտաբի» գլխավորությամբ:

Վերջին երկու օրերին «Փաստը» տեղեկություններ էր ստանում, որ հաշվի առնելով երկրպագուների «Առաջին հայկական ճակատի» (FAF) բողոքի ակցիաները Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ուժային կառույցներին, որ Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ժամանակ անվտանգության հավել յալ միջոցառումներ կիրառվեն: Շրջանառվող այս տեղեկության մասին երեկ բարձրաձայնեց նաև FAF-ը՝ նշելով, թե «ՀՖՖ հորդորով սպասվում է տարբեր ուժային կառույցների մեծաքանակ ներկայություն»: FAF-ը նախ նշել էր, որ իրենց խնդրանքն ու դիրքորոշումն է՝ ազգային հավաքականին աջակցել միշտ, անկախ արդյունքներից, իսկ թիմի խնդիրներին անդրադառնալ առանձին, այս պարագայում` ՀՖՖ ներկայիս ղեկավարության հեռանալուց հետո: Ապա նաև հայտարարել էին, որ Ազգային հավաքականի խաղը չի եղել և չի կարող լինել անկարգությունների հարթակ. «Մենք դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում և կոչ ենք անում ուժային կառույցներին՝ խաղից առաջ, երկրպագման պրոցեսի ժամանակ և դրանից հետո չդիմել սադրիչ որևէ գործողության երկրպագուների նկատմամբ»։

Ի դեպ, հավելենք, որ ըստ «Առաջին հայկական ճակատի», երեկվա դրությամբ տոմսերի վաճառքը բավական վատ վիճակում էր. «Ունենք վերջին մի քանի տարվա՝ տոմսերի վաճառքի վատագույն ցուցանիշներից մեկը»։