ՔՊ-ն Գյումրիի ավագանու արտահերթ նիստ է հրավիրել․ քաղաքապետ կընտրվի՞

ՔՊ-ն Գյումրիի ավագանու արտահերթ նիստ է հրավիրել․ քաղաքապետ կընտրվի՞

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին արտահերթ նիստ է հրավիրել։ Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը։

«Մենք մեր մեյլերին նամակ ենք ստացել, որ արտահերթ նիստ է գումարվելու։ Օրենքի ուժով պետք է նիստ գումարվի, որ համայնքի ղեկավար առաջադրվի ու ընտրվի։ Սակայն, ինչպես մենք բազմաթիվ անգամներ հայտնել ենք, ՀՀԿ-ն որևէ կերպ ՔՊ-ի ջրաղացին ջուր չի լցնելու ու հնարավորություն չի ստեղծելու, որ ՔՊ-ի թեկնածուն ընտրվի»,- մեզ հետ զրույցում ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ ՀՀԿ-ն նիստին չի մասնակցելու, քվորում չի ապահովելու։

Ինչ վերաբերում է Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությանը, ապա իրենք մասնակցելու են նիստին, քվորում ապահովեն, սակայն թեկնածուի ընտրությանը չեն մասնակցելու։

Սա էլ արվելու է, որպեսզի Կառավարության համար հիմք լինի Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցնելը։

«Մենք ցանկություն ունենք, որ հնարավորինս սեղմ ժամկետում Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացվեն, իսկ դրա համար Կառավարությունը պետք է հիմք ունենա ավագանին լուծարելու։ Եթե նիստ գումարվի, բայց համայնքի ղեկավար չընտրվի, ապա ավագանին կլուծարվի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անգամ Կարեն Մալխասյանը։

Նա նշեց, որ իրենք ՔՊ-ի որևէ թեկնածուի օգտին չեն քվեարկելու, այսինքն՝ քվեարկության ժամանակ դուրս են գալու։

«Արտահերթ ընտրությունն է միակ խելամիտ տարբերակը՝ Գյումրին քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար»,- նշեց նա։

Հարցին, թե արդյո՞ք քվորում ապահովելուց հետո ՔՊ-ին հնարավորություն չի տրվի իր թեկնածուին ընտրելու, Կարեն Մալխասյանը պատասխանեց՝ եթե իրենք չմասնակցեն քվեարկությանը, ապա միայն ՔՊ-ն չի կարող քվեարկել։

«Մենք հիմա իրավաբանների հետ ենք խորհրդակցում, որպեսզի որևէ խնդիր այդ մասով չառաջանա»,- նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու մեծամասնություն կազմող ուժը՝ «Բալասանյան» դաշինքն ու համայնքի ղեկավարը հոկտեմբերի 8-ին հրաժարվեցին մանդատներից։ Դրանից հետո ՔՊ-ն հայտարարեց, որ իրենք արտահերթ ընտրություններ են նախատեսում, և իրենց առաջին դեմքը լինելու է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Նարե Գնունի